ՄԻՊ-ը ստացել է իրավապահ մարմինների կողմից բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել անհամաչափ ուժի և բռնության անթույլատրելիության վերաբերյալ։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր:
ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները, քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված խնդիրները պարունակում են բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ:
Դրանց շրջանակում վերջնական դիրքորոշումն ու արդյունքները հնարավոր կլինի ամբողջական ամփոփել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրավասու պետական մարմիններից համապատասխան պարզաբանումներ ստանալուց հետո:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար:
Իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է դրսևորեն պատշաճ և իրավաչափ վարքագիծ՝ հարգելով քաղաքացիների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց արժանապատվությունը և երաշխավորելով նրանց հիմնական իրավունքների իրացումը:
Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն համաչափ, ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան