Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի ներգրավվի. Միրզոյան
«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրապարակային առաջարկներ, պահանջներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»,- Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախրար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության մեխանիզմ ներդնել, Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից, և Ադրբեջանը միայնակ է սկսել վերահսկել միջանցքը, արդյո՞ք Երևանին այսպիսի առաջարկ հնչել է։
Միրզոյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։
«Ավելին, մենք կարծում ենք, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։
Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է։ Մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է և կարող է վերաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ ձևաչափով», - ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ջանքեր են գործադրվում
- ԵԽԽՎ համազեկուցողներ. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
- Որպես առաջին քայլը պետք է Լաչինի միջանցք և ԼՂ գործուղվի միջազգային փաստահավաք առաքելություն. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին վերաբերող հարցը
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել