Հարձակման իրական պատճառն ուզում են շեղել. Արթուր Միրզոյան
Մեկ շաբաթ առաջ դիմակավորված անձինք Թբիլիսիում հարձակվել էին «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Jnews-ը գրում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով՝ ծեծ կամ այլ բռնություն, որը տուժողին ֆիզիկական ցավ է պատճառել, սակայն մեղավորները դեռևս ազատության մեջ են գտնվում:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդեսներ է անցկացնում Հայոց ցեղասպանության թեմայով, ապրիլի 23-ի երեկոյան ջահերթ կազմակերպում, իսկ ապրիլի 24-ին պահանջատիրական երթ՝ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Իր վրա հարձակումն Արթուրը կապում է հենց այս իրադարձությունների հետ, որոնք իրականացվել են՝ չնայած կատարված միջադեպի:
Jnews-ի հետ զրույցում Արթուրը նշել է, որ անկախ կատարվածից և խանգարողներից, շատ ոգևորված է, քանի որ միջոցառումներին մասնակցող մարդկանց քանակն անհամեմատ ավելի շատ է եղել՝ համեմատած մյուս տարիների հետ:
«Մենք ցույց տվեցինք, որ մեզ ճնշելով չեն վախեցնի, հակառակը՝ ինչքան մեզ ճնշեն, մենք ավելի միասնական ենք դառնալու: Ինձ վրա կատարված հարձակումը կապում եմ այդ միջոցառումների հետ, բայց այս պահին ոչ ոքի բացահայտ չեմ կարող մեղադրել: Դա կարող էր լինել ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունը, այնպես էլ «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Ֆեյսբուքում տեղադրած հրապարակումներիս տակ կեղծ էջերով մեկնաբանություններ են գրում, այդպիսով փորձում են հարձակման իրական պատճառը շեղել և ինձ վարկաբեկել: Մեծ հավանականությամբ դրանք հենց հարձակումը կազմակերպողների կողմից է արվում»,- ասել է Արթուր Միրզոյանը: