Արմեն Սաֆարյանի հոգեհանգստյան արարողությունն այսօր է
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ, բեմադրիչ Արմեն Սաֆարյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով է ստեղծվել։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Արմեն Սաֆարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-20։00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-13։00-ն՝ նույն վայրից: Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
Արմեն Սաֆարյանը մահացել է ապրիլի 25-ին 64 տարեկան հասակում։
Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ նկարչի ընտանիքում: 1980 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացները:
1988 թվականին կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-1992 թթ. եղել է Գյումրու ՊՏԹ-ի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը:
1992 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնը:
1999-2000 թվականներին հանդիսացել է Երևանի մարիոնետների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
2006 թվականին հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:
2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2019 թվականին՝ Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալի, 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Հեղինակել է 37 տիկնիկային հեռուսատաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն, որոնց թվում «Մատնաչափիկը», «Դեկամերոն», «Խելոքն ու հիմարը», «Ամանորի հանդես», «Սատանան ու Բիթլիսցին», «Սագը», «Պույ-պույ մկնիկը», «Սասունցի Դավիթ», «Քեֆ անողի քեֆը չի պակսի», «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները», «Կամակոր արքայադուստրը», «Զգուշացի՛ր, ականներ են», «Ներիր ինձ Տեր» և այլն։
Արմեն Սաֆարյանը ճանաչված էր նաև իբրև գրական երկերի թարգմանիչ. ռուսերենից հայերեն է թարգմանել «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»:
Հայ թատերասեր հանրությունը ակտիվորեն մասնակցել է Արմեն Սաֆարյանի նախաձեռնած «Տիկնիկները հանուն խաղաղության» 2 համաշխարհային երթին, իսկ Հայաստանում և Արցախում կազմակերպված 16 տիկնիկային փառատոները մշտապես վայելել են հանդիսատեսի ջերմ համակրանքն ու արժանացել բարձր գնահատականի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան