Նոր բացահայտումներ բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայությունից ընտրված կարմիր աստղերի վերաբերյալ
Օրերս «Ավստրալիայի աստղագիտական ընկերության հրապարակումներ» (PASA) ամսագրում տպագրվեց Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Ֆրանսիայի Սուրբ-Քվենտինի համալսարանի (UVSQ) աստղագետների կողմից կատարված հետազոտական աշխատանքը` «M թզուկներ՝ հայտնաբերված Առաջին բյուրականյան սպեկտրային շրջահայությունում․ Gaia EDR3 և TESS տվյալներ․ նախնական արդյունքներ»: Բյուրականի Աստղադիտարանից հայտնում են, որ ամսագիրն ունի բարձր ազդեցության գործակից և տպագրվոմ է Քեմբրիջի հանալսարանի հրատարակչության կողմից:
Ամբողջ աշխատանքը համակարգվել է ԲԱ ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանի կողմից: Համահեղինակներ են հանդիսանում ԲԱ գիտաշխատողներ Գայանե Կոստանդյանը, Նաիրա Ազատյանը, Կարեն Գիգոյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Սուրբ Քվենտինի համալսարանի LATMOS լաբորատորիայի աշխատակիցներ դոկտոր Ալեն Սարկիսյանը, Մուստաֆա Մեֆթահը, Սլիմանե Բեկկին և Մարսելի աստղադիտարանի աշխատակից Ֆրեդերիկ Ժամկոչյանը:
Աշխատանքը նվիրված է Առաջին բյուրականյան շրջահայությունում (FBS – First Byurakan Survey, կամ Մարգարյանի շրջահայություն) հայտնաբերված 236 M սպեկտրային դասի թզուկ աստղերի ուսումնասիրությանը ժամանակակից տիեզերական նախագծերից ստացված նոր դիտողական արդյունքների կիրառմամբ:
Օգտագործելով TESS (Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակի տվյալները՝ պարզվել է, որ 89 M թզուկի մոտ գրանցվել են ուժեղ բռնկումներ։ Շատ հայտնի FBS 0250+167 M թզուկի մոտ (որի տվյալները հայտնի էին դեռևս 2003 թ-ից, և որն ընտրվել է Մարգարյանի շրջահայությունից) հայտնաբերվել են երկու մոլորակ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 1.1 արեգակնային զանգվածով: TESS-ի տվյալների շտեմարանի միջոցով գնահատվել են 236 M թզուկների զանգվածները, լուսատվությունները և էֆեկտիվ ջերմաստիճանների տիրույթները:
Աշխատանքում առաջին անգամ տրվում է վաղ M0 և ուշ M9 ենթադասերի թզուկ աստղերի հեռավորությունների համար Մարգարյանի շրջահայության կողմից գրանցման գնահատական: Պարզվել է, որ 27 FBS M թզուկներ կազմում են կրկնակի համակարգեր, այսինքն՝ ունենք M թզուկ + սպիտակ թզուկ և M թզուկ + M թզուկ համակարգեր: Կա M թզուկ, որը եռակի համակարգի անդամ է: Ամենամոտ աստղը FBS 0250+167-ն է, որը գտնվում է Արեգակից 3.83 պարսեկ հեռավորության վրա, իսկ ամենահեռու M թզուկը՝ FBS 0909-082, որը գտնվում է Արեգակից 780 պարսեկ հեռավորության վրա:
Աստղադիտարանից հիշեցնում են, որ 2011թ-ին Մարգարյանի շրջահայությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից մեկը։
Հոդվածի հղումը՝ https://doi.org/10.1017/pasa.2023.20։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին