Դավիթ Համբարձումյանց․ Ու դեռ սպասում է մայրը․․․
2020 թվականի սեպտեմբերի 27-ից անհետ կորած Դավիթ Համբաձումյանցի մայրը դեռ սպասում է որդուն։ Օրը սկսվում է Դավիթով ու ավարտում օրվա իրադարձությունները նրան պատմելով։ Բայց այդ ամենը Սվետա Սահինյանն անում է լուռ, մտքում՝ չցանկանալով, որ որևէ մեկը լսի որդու հետ զրույցը։
Նրանց տանը Դավիթին նվիրված անկյուն չկա, միայն սենյակներից մեկի մի հատվածում ընտանեկան մի քանի լուսանկարներ են պատին փակցված, որոնցում Դավիթն է եղբոր, ծնողների հետ։ Մեկ լուսանկար կա, որտեղ ընտանիքով են, որտեղ բոլորը երջանիկ են, ժպտում են, որտեղ կարոտ ու սպասում չկա։
Պատերազմից հետո Սվետան հաճախ է ընտանեկան ալբոմը թերթում, նայում է Դավիթի մանկության նկարները, հիշում նրա խենթությունները, փորձում որդու կարոտն առնել նկարներով։
Դավիթ Համբարձումյանցը ծնվել է 2001 թվականի փետրվարի 6-ին։ Մեծ սեր ուներ երաժշտության հանդեպ, թեև տարված էր ֆուտբոլով, նրան ֆուտբոլի հանրագիտարան էին ասում, բայց իրեն սպորտում չէր տեսնում։ Ստեղծագործում էր, պատմվածքներ գրում, նվագում, տան հին կիթառն էլ հաճախ էր ձեռքում հայտնվում, սովորում էր նաև հարվածային գործիքների վրա նվագել։ Բանակ գնալուց առաջ մայրը խոստացել էր՝ վերադառնալուց հետո նրա համար կիթառ է գնելու։ «Խոստումս դեռ մնացել է...»,- ասում է Սվետան։
Դպրոցն ավարտելուց հետո Դավիթը քննություններ է հանձնել բուհ ընդունվելու համար և անմիջապես զորակոչվել բանակ, որտեղ էլ իմացել է, որ ընդունվել է Բրյուսովի անվան համալսարան։ «Շատ լավ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, բանակից առաջ գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, սիրում էր ընթերցել, հետաքրքիր գրական ճաշակ ուներ։ Սիրում է ռոք երաժշտություն, «Նեմրա» խմբի համերգները երբեք բաց չէր թողնում»,- որդուց պատմում է Սվետան, բայց երբեք նրա մասին անցյալով չխոսելով։
Նա սպասում է որդուն...
Մայրն իր յուրահատուկ Դավիթին միշտ հիշում է ժպիտով։ Ասում է՝ տարբերվող էր ոչ միայն իր տեսակով, այլև իր շրջապատով, բազմակողմանի զարգացած, կիրթ ընկերներով։
Դավիթը ծառայում էր Մատաղիսում, 1.4 ամսվա զինվոր էր, երբ սկսվեց պատերազմը։
Ծնողները վերջին անգամ տղային տեսել են 2020 թվականի փետրվարին 8-ին։ Որոշ ժամանակ պառկած էր հոսպիտալում, կույր աղիքն էին վիրահատել։ Փետրվարի 6-ին՝ 19-ամյակն էլ նշում է հոսպիտալում։ Մայրը հիշում է իրենց վերջին հանդիպումը, ու մինչև հիմա չի կարողանում մոռանալ որդու հայացքը․ այդ օրը Դավիթը տխուր էր, անտրամադիր։
Ծառայությունից Դավիթը երբեք չի դժգոհել, ծնողները մտածել են, որ դժվարությամբ կհարմարվի բանակային կյանքին, բայց Դավիթը սիրեց բանակը։ Նրա հետ գրեթե ամեն օր խոսում էին, իսկ վերջին զանգը սեպտեմբերի 26-ին էր․
«Դավիթս ուրախ էր այդ օրը, սահմանին կուտակումների մասին ոչ մի բառ չի ասել, միայն եղբոր հետ զրուցելիս էր նշել, որ դիվերսիա է սպասվում»։
Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ից սկսվում է ընտանիքի մղձավանջը։ Օրեր շարունակ Դավիթից լուր չունենալուց հետո հոկտեմբերի 7-ին որդու անունը հայտնվում է զոհվածների ցուցակում, բայց մայրը չի հավատում։
Այդ օրվանից սկսվում են որոնողական աշխատանքները։
«Այդ ժամանակ իմ ամբողջ ներաշխարհն ընդվզում էր այդ լուրի դեմ, չէի համակերպվում և չէի հավատում։ Ես ամբողջ ժամանակահատվածում սթափ եմ եղել, իմ գիտակցությունը ոչ մի րոպե չի մթագնել, ամուսնուս հետ հավասար գնացել ենք դիահերձարաններ, հիվանդանոցներ։ Մեր ընկերներն էլ մեզ հետ միասին Դավիթին էին փնտրում»,- պատմում է Սվետան՝ հավելելով, որ պատերազմի հենց առաջին օրերին էլ ԴՆԹ են հանձնել։
Դավիթի անհետանալուց հետո հայրը Կարմիր Խաչի ուղեկցությամբ գնացել է Թալիշի այն դիրքը, որտեղ վերջին անգամ եղել է տղան։ Տվյալ դիրքում զոհվել է ժամկետային զինծառայող Դավիթ Զաքարյանը, որին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ, մնացած տղաները ողջ են, միայն Դավիթ Համբարձումյանցից մինչ օրս լուր չկա։
Ծառայակիցները պատմել են, որ Դավիթը վիրավորվել է, նրան տեղափոխել են այլ դիրք, նահանջի հրաման ստանալուց հետո չեն կարողացել տղային իրենց հետ տանել։
«Դիրքի ավագի պատմելով Դավիթն արդեն զոհվել էր, բայց այդ խառը ժամանակ չեն կարողացել ստուգել զարկերակը, շնչառությունը, նույնիսկ չեն կարողանում ասել, թե որ հատվածում է վնասվածքը ստացել։ Պատմել են, որ Դավիթը եղել է պատգարակի վրա և ուղղակի տարբերակ չեն ունեցել իրենց հետ տանել, քանի որ ադրբեջանցիներն արդեն այդ դիրքում են եղել և իրենք արագ նահանջել են»,- ասում է Սվետա Սահինյանը։
Նրա խոսքով՝ երբ Կարմիր Խաչն այդ հատվածում որոնողական աշխատանքներ է իրականացրել, տղաների նշած տեղում գտել են պատգարակը, սակայն վրան մարմին չի եղել․ «Դիմել ենք բոլոր հնարավոր ու անհնար կառույցներին։ Կարմիր Խաչից մեզ ասել են, որ դիմել են Ադրբեջանին, բայց իրենց հարցմանը չեն պատասխանում։ Հիմա այս անորոշության մեջ ապրում ենք»։
Սվետան լռում է, աչքի առաջ նորից այդ դժոխային օրերն են գալիս, բայց մի պահ բարձրացնում է գլուխն ու թաց աչքերը թաքցնելով նորից կրկնում՝ միևնույն է սպասում է իր յուրահատուկ, բոլորից տարբերվող Դավիթին։
Ամիսներն անցում են, որոնումները՝ շարունակվում, իսկ որդուց որևէ լուր չկա։ Սվետան հասկանում է, որ կամաց-կամաց հույսը մարում է, հետո սթափվում է, ասում, որ չի հուսահատվելու, իսկ չխելագարվելու համար որոշում է աշխատել, տանից դուրս գալ։
«Հասկացա, որ պետք է հավաքեմ ինձ, հակառակ դեպքում ընտանիքս կկորցնեմ, փոքր տղաս, ամուսինս ինձ էին նայում, իրենք էլ շատ ծանր են տանում, ես էլ պետք է իրենց կողքին լինեմ»,- ասում է Սվետան։
Ի զարմանս շատերի, աշխատանքի է անցնում զորամասերից մեկում՝ որպես լրագրող։ Պատերազմից հետո սկսել է գրել, սկզբից՝ զոհված տղաների մասին, որոնց ճանաչել է, որոնք ծառայել են Թալիշում, հետո արդեն անցել է արձակի, փոքրիկ պատմվածքներ է գրում։ Դրանցից մեկը, որ վերնագրել է «Բեկոր», նվիրել է որդուն։ Հույսը չի մարում ու հենց այդ պատմվածքում նկարագրված վերջաբանն է միշտ պատկերացնում։
Իսկ պատմվածքներից մեկում՝ «Ծաղիկներ»-ում, տխուր պատմություն է, որն իր և իր նման ծնողների մասին է, որոնք այսօր մնացել են մենակ՝ շրջապատված միայն ամենահարազատ մարդկանցով. «Ոմանք էլ ուղղակի չեն ցանկանում իրենց օրը կամ տրամադրությունը փչացնել, քանի որ եթե դու ինչ-որ միջոցառման ես մասնակցում, ապա չեն կարող պարել, ուրախանալ, դրա համար մարդիկ մեր նման ծնողներից իրենց հեռու են պահում, բայց ես երբեք որևէ մեկին չեմ մեղադրում, ի վերջո իրենք ի՞նչ մեղավոր են։ Դա իմ ցավն է, և որևէ մեկը մեղավոր չէ, որ ես դրա միջով անցնում եմ»։
Սվետան ասում է, որ երբեք դիմացինին ցույց չի տալիս, թե ինչ հոգեվիճակում է գտնվում, ինչ է զգում, ցավն իր հետ է ու իր մեջ։
Բայց միաժամանակ հավելում է․ «Գիտեք ես միշտ սիրել եմ սև գույնը, բայց հիմա սև հագուստ չեմ կրում և դա բացատրում եմ նրանով, որ իմ հոգեվիճակում այդ գույնը չկա։ Իմ հոգին չի սգում, ես սպասում եմ Դավիթիս։ Մեկ-մեկ հարցնում են, թե ինչ ես զգում, մայրական սիրտը պետք է մի բան զգա, բայց հիմա ոչինչ չեմ զգում, ինձ մոտ բթացած վիճակ է, ես ուղղակի սպասում եմ»։
Նշում է նաև, որ մինչև օրս Եռաբլուր չի գնացել, մի քանի անգամ փորձել է, բայց ճանապարհի կեսից հետ է դառել, չի կարողացել, ասում է՝ պատրաստ չէ։
Սվետան տղայի զինակից ընկերներին չի մեղադրում, որ որդուն թողել են մենակ ու նահանջել․ «Իհարկե, ինքս իմ մեջ մեղադրել եմ, բայց հետո մտածել եմ՝ 18-20 տարեկան տղաներ են, որոնք կինոներում են միայն պատերազմ տեսել, այդ պահին յուրաքանչյուրն էլ մտածում է փրկվելու մասին։ Չեմ մեղադրում, ես հոգով հաշտ եմ բոլորի հետ»։
Այսօր Համբարձումյանցների ընտանիքի բոլոր անդամները կոտրված, ծանր սրտով աշխատում են, բոլորն էլ փորձում են շատ աշխատել, որ մի պահ կտրվեն իրականությունից։ Սվետան մտքում միշտ խոսում է Դավիթի հետ, բայց լինում են օրեր, որ զբաղվածության պատճառով մի պահ մտքերն այլ հոգսերով են լցվում ու սկսում է մեղադրել իրեն, ներողություն խնդրել տղայից։ «Երբ գիտակցում եմ, որ մի պահ այլ մտքերով եմ տարված եղել, ասում եմ՝ կներես բալես, էսօր քո մասին քիչ եմ մտածել»,- թաց աչքերով ասում է մայրն ու երկար լռում, երևի նորից Դավիթին է ինչ-որ բան պատմում։
Ընտանիքը դեռ չի դիմել դատարան, որ որդու ճանաչեն որպես անհայտ բացակայող։ Մայրը չի համաձայնել, ասում է՝ երբ որոշում են, կարծես թե, մի բան իրեն հետ է պահում։ Պատրաստ չէ, ինքը սպասում է․․․
«Միգուցե տարօրինակ հնչի, բայց ես նաև Դավիթի համար եմ իրեր գնում »,- շշնջում է Սվետան։
Մայրը որդու դարականերից գտել է նրա պատմվածքների տետրը, որը մասունքի նման է պահում, հաճախ է կարդում, տետրի թերթերը շոյում ու ամեն տողի տակ իր այդքան խորը, ռոքի սիրահար տղային նորից բացահայտում։
Վաղը, մյուս օրը ու մնացած օրերը նորից սկսվելու են Դավիթով, նրա հետ խոսելով, բայց մտքում, որ ոչ մեկ չտեսնի, իսկ երեկոյան մայրը դուրս կգա պատշգամբ, կնայի հեռվում երևացող եկեղեցուն, կսկսի աղոթել ու կփորձի որդու վերադարձի որևէ նախանշան գտնել։
Իսկ վերջաբանը, ըստ Դավիթի մոր պատկերացմամբ, կլինի այնպես, ինչպես Դավիթին նվիրված պատմվածքում է․
«․․․Ու Դավիթը մտքով արդեն տանն է…Մայրը, իր մեղմ ու հոգատար մայրը, գրկել ու բաց չի թողնում, Էլենն էլ խելոք մի անկյունում կանգնած շուտ-շուտ արցունքներն է սրբում: Տանը եռուզեռ է: Եղբայրն ու ընկերները շրջապատել են իրեն ու հարցախեղդ են անում: Հայրը, որ այս ամբողջ պատերազմը լուռ ու զուսպ ապրել էր՝ հիմա արտասվում է:
Մի գերդաստանի սրտում ցնծություն էր…Իրենց Դավիթը տուն էր վերադարձել՝ դեմ գնալով պատերազմի գրված ու չգրված օրենքներին…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան