ԴիջիԿոդ. Այսօր հայտնի կդառնան Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները
«ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը՝ 11։00-17։00-ը։ ԱՏՁՄ հանրային կապերից տեղեկացնում են, որ Ամերիկյան համալսարանում «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին կմասնակցի 20-ից ավելի թիմ։ Թիմերը ներկայացնելու են վիրտուալ, բնագիտական մոդելներից մինչև սմարթ օրորոցի, խելացի տան անվտանգության համակարգեր։
Առաջին անգամ ԴիջիԿոդի ընթացքում կստորագրվի նաև հուշագիր՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։ Երկկողմ հուշագիրը կտորագրվիԱՏՁՄ-ի և «Փինսայթս» ընկերության միջև։
Հանրապետական մրցույթին զուգահեռ Ամերիկյան համալսարանում տեղի կունենա ալգորիթմական լուծումների Կրիայ և Փայթըն ծրագրերի օլիմպիադան։ Կմասնակցի մարզային փուլը հաղթահարած 30-ից ավելի պատանի։
«Դիջիկոդի ընդգրկուն մասշտաբն ամեն տարի ապացուցում է, որ Հայաստանի զարգացման կոդը ստեղծելու հետաքրքրությունը մեր պատանիների մոտ մեծանում է։ Այս տարվա մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 5 տարածաշրջանում։ 1000-ից ավելի հայտերից ընտրվեց և մրցեց 400 պատանի։ Մենք կրկին համոզվում ենք, որ մրցույթները առանցքային դեր ունեն պատանիների համար, որ ձգտեն ստեղծել ավելին ու հասնել ավելիին։ Ծնողները ևս տեսնում են, թե ինչ արդյունքներ են գրանցում պատանիները՝ դեռ դպրոցից։ Եվ անհրաժեշտ է, որ համայնքներն իրե՛նք համախմբվեն և մասնակցեն Արմաթի տարածմանը, նոր լաբորատորիաների ներդրմանը»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Ի դեպ, մրցույթն արդեն 8-րդ անգամ է անցկացվում՝ սկսած 2015-ից։ Այս տարիներին մրցույթին մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ։ Մրցույթի մարզային և հանրապետական փուլերի գլխավոր հովանավորն է ԱրարատԲանկը:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ աշխատելու փորձն ու հերթական համագործակցությունը ցույց են տալիս, որ միավորելով ուժերն ու ռեսուրսները, ակամայից լավ փոփոխության մասնակից ենք դառնում՝ ինժեներական մտածողություն և վերլուծական միտք ունեցող երեխաներին հնարավորություն տալով զարգանալ և կատարելագործվել ծրագարվորման ուղղությամբ։ Շնորհակալություն միությանը այս կարևոր նախաձեռնության շուրջ Հայաստանի ապագայի զարգացման կոդը ստեղծող երեխաներին համախմբելու համար»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տարածքային գործընկերն է Հայաստանի Ամերիկյան համալսարանը, բովանդակային գործընկերն է «Փինսայթս» կազմակերպությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին