Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. Ի՞նչ է սպասվում Հայաստանին
Ո՞րն է Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը, ի՞նչ պետք է անեն իշխանությունները նոր, վտանգավոր բախումներից ու ցնցումներից խուսափելու համար: Այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկման շրջանակում:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Արևմուտք-ՌԴ գլոբալ աշխարհաքաղաքական առճակատումը չի թուլանում, որը հսկայական ջանքեր է խլում երկու կողմերից էլ և որոշում աշխարհում զարգացումների ընթացքը:
Նա ընդգծեց, այդ զարգացումները չեն կարող չազդել նաև մեր տարածաշրջանի վրա: Ըստ բանախոսի, Հարավային Կովկասում ձևավորվել է մի իրավիճակ, երբ Արևմուտքի երկրները ակտիվ գործունեություն են ծավալում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում և լուրջ մրցակցություն մեջ են իրենց ազդեցությունն ամրապնդելու առումով:
«Կարևոր է հասկանալ, որ ՌԴ և Արևմուտքի միջև ԼՂ հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի և բովանդակության հարցում հակասություն չկա և ընդունելի է այն մոտեցումը, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա պետք է լինի կարգավորումը: Բայց կա հակասություն, թե ո՞վ և ինչպե՞ս է առաջ մղելու այդ գործընթացը, և հենց այստեղ են խնդիրներն: Ու այս իրավիճակում կարևոր է, որ մեր երկիրը չդառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած մի քանի խնդիր կա. աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում չկորցնել դաշնակիցներ, այլ փորձել գտնել ռեսուրսներ այդ դիրքերն ամրապնդելու համար: Հասկանալ, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը Հայաստանին օգուտ է, և մեր երկիրը դրանով ևս ուժեղանում է: Չանել քայլեր, որոնք կարող ենք խաթարել ՀՀ դիրքը իբրև ՌԴ բարեկամի ու դաշնակցի:
«Չափազանց կարևոր է հասկանալ, որ ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին փնտրել օգուտներ, դիվիդենտներ ուղղակի մեծ միամտություն է, Փոքր երկրներն իրենց նման բան թույլ տալ չեն կարող: Հարկ է զսպվածություն ցուցաբերել և չկորցնել ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը»,- հավելեց Արամ Սաֆարյանը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, թե որ կետից սկսվեց մեր երկրի աղետալի էջերի հաշվարկը: Ըստ նրա, 2018 թվականին Ջոն Բոլթոնը Հայաստանում հնչեցրեց վտանգավոր թեզեր՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի իր պատմության կաղապարներից, նաև ասաց, որ Հայաստանի համար կան շատ այլընտրանքներ, այդ թվում՝ զենքի վաճառքում։
«Այստեղից է, որ սկսվեց նաև ՀՀ իշխանությունների հակառուսականության քաաղքականության հստակ գիծը: Արևմուտքն այսօր երկու խնդիր է լուծում՝ սերմանել Արցախի ազգաբնակչության շրջանում ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն, պարտադրել Հայաստանին ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը Փաշինյանն անում է Պրահայից սկսած: Սա ևս ՌԴ դեմ է, որն Արցախում այսօր ապահովում է հայ բնակչության անվտանգությունը: Ցավոք, ՀՀ իշխանությունները Բոլթոնի երևանյան այցից սկսած կատարում են Արևմուտքի առաջադրանքը, որն ունի երկու ուղղություն՝ Արցախ և Թուրքիա: Եթե ՀՀ-ն ու Թուրքիան բարեկամանում են, ապա ՀՀ իշխանությունը հենց հաջորդ օրը ՌԴ-ին կասի, որ մենք այլևս անվտանգության սպառնալիք չենք տեսնում ու կփորձեն ասել հաջողություն: Այսինքն, կա հստակ առաջադրանք բարեկամանալ Թուրքիայի հետ, որի համար նաև ուրանում են Ցեղասպանությունը և հանձնում Արցախը»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, այս ամենն ուղիղ կապ ունի ՌԴ-Արևմուտք առճակատման հետ, և երբ ՌԴ դիրքերը ուկրաինական ճակատում ուժեղանում են, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու իշխանության տրամադրությունները մարում են, ու հակառակը:
Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ Հայաստանը հապաղելու ժամանակ այլևս չունի, քանի որ մեր տարածաշրջանը վերածվել է լրջագույն թատերաբեմի, որտեղ նոր խաղացողներ են հայտնվել՝ խաղի նոր կանոններ մտցնելու ցանկությամբ, և այդ ամենի հիմքում ՌԴ դեմ քաոսային իրավիճակ ստեղծելն է:
«Այս խաղը մի քանի անգամ բարդանում է և մեր տարածաշրջանում ականատեսն ենք ոչ միայն ՌԴ-Արևմուտք առճակատման, այլև Մերձավոր Արևելքի ակտիվացման: Եվ ամենավտանգավորն այն է, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն կարողանում ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, այն է՝ Արևմուտքի ձեռամբ փորձ է արվում ստեղծել քաոս: Եվ դժվար է պատկերացնել, թե նման արտաքին քաղաքական կոնցեպտով ինչպես են իշխանությունները մեր երկիրը զերծ պահելու ցնցումներից, որոնք շատ մոտ են։ Աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Հարավային Կովկասը դառնում է թիվ մեկ կարևոր գործոն, և այս պայմաններում ՀՀ-ում պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ունենան հստակ աշխարհաքաղաքական գործընթացների ընկալում, փորձելով կարգավորել հարաբերությունները մեր դաշնակիցների հետ»,- շեշտեց Ղուկասյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպում
- ԱՄՆ-ը և ԵՄ-ն ձախողել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «ազնիվ բրոքերի» հայտեր. Զախարովա
- Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ. Զախարովա