ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Սյունիքի մարզում մեկնարկել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիր
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ համագործակցությամբ ապրիլի 28-ին Գորիս քաղաքում անցկացրել է աշխատաժողով՝ Սյունիքի մարզում պաշտոնապես մեկնարկելով Հայաստանում հողերի դեգրադացման խնդրի համապարփակ լուծմանը նպաստող ծրագիր։
«Հայաստանի հողերի դեգրադացմա կանխման պարտավորությունների իրականացում հողերի կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՊԳԿ-ի կողմից՝ ԲԾԻԳ-ի հետ համատեղ:
Կազմակերպությունից հայտնում են, աշխատաժողովի նպատակն էր Սյունիքի մարզում համախմբել տեղի շահակիր կառույցներին՝ քննարկելու վերոնշյալ ծրագրի իրականացման առավել արդյունավետ տարբերակները:
«Հողի կայուն կառավարումը հիմք է ավելի լավ արտադրանքի, ավելի լավ սննդի, ավելի լավ շրջակա միջավայրի և հետևաբար կյանքի ավելի լավ որակի համար», - ասել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:
Նա հավելել է, որ այս ծրագիրը ներառում է Սյունիքի մարզի Գորայք և Լոռու մարզի Թումանյան համայնքները։
Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ մարդածին (մարդու գործունեությամբ պայմանավորված) գործոններով: Մարդածին պատճառները ներառում են գյուղատնտեսական անարդյունավետ պրակտիկաների կիրառումը, ինչպիսիք են ցանքաշրջանառության բացակայությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ օգտագործումը, գերարածեցումը արոտավայրերում և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան հորեր) գերօգտագործումը, հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Ի հավելումն թվարկված պատճառների, կլիմայի փոփոխությունը ևս մեծացնում է երկրի գյուղատնտեսության համար ռիսկերը՝ արագացնելով հողերի դեգրադացման գործընթացը:
Այս ծրագրի հիմքում լանդշաֆտային մոտեցումն է, որը համահունչ է ԳԷՀ-ի տեսլականին՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հողերի դեգրադացիայի կանխմանը հասնելու նպատակով:
Հողերի դեգրադացիայի հիմքում ընկած պատճառները վերացնելու և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար այս մոտեցումն առաջարկում է խնդիրների համապարփակ լուծում՝ ոլորտների ինտեգրացիայի, տարբերի շահակիր կողմերի ներգրավման և տարբեր մակարդակներում աշխատանքի միջոցով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագիրը զգալի ներդրում կունենա Հայաստանում հողերի դեգրադացումը կանխելու և հողերի կայուն կառավարումը բարձրացնելու գործում: