Այսօր պարի միջազգային օրն է
Ամեն տարի ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը։ Այս մասին հիշեցնում է Calend.ru-ն։
Պարարվեստի բոլոր ոճերին նվիրված այս տոնը նշվում է 1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի (CID) նախաձեռնությամբ։ Տոնը նշվում է ֆրանսիացի պարուսույց Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը։ Վերջինս բարեփոխիչ էր ու խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, ով պատմության մեջ մնաց որպես «ժամանակակից բալետի հայր»:
Ժան-Ժորժ Նովեր (Jean-Georges Noverre, ապրիլի 29, 1727 - հոկտեմբերի 19, 1810) - ֆրանսիացի պարուսույց և բալետի տեսաբան, եղել է պարուսույց Լ.Դյուպրեի աշակերտը։ Նա հանդես է եկել որպես պարող և ղեկավարել բալետային խումբ՝ Լոնդոնի Drury Lane թատրոնում։
Պաշտոնական մակարդակով, ավանդույթի համաձայն, ամեն տարի խորեոգրաֆիայի աշխարհից որևէ հայտնի մարդ դիմում է հանրությանը՝ պարի գեղեցկության մասին հիշեցնող ուղերձով։
Այսպիսով, տարբեր տարիներին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Յուրի Գրիգորովիչը (Ռուսաստան), Ռոբերտ Ջոֆրին (ԱՄՆ), Մեգի Մարին (Ֆրանսիա), Մայա Պլիսեցկայան (Ռուսաստան), Մորիս Բեժարտը (Ֆրանսիա), Ուիլյամ Ֆորսայթը (ԱՄՆ-Գերմանիա), Ստեֆան Փեյջը ( Ավստրալիա), Միյակո Յոշիդան (Ճապոնիա-Մեծ Բրիտանիա), Խուլիո Բոկկան (Արգենտինա), Լին Հվայ-Մինգը (Թայվան), Գրեգորի Վույանի Մակոման (Հարավային Աֆրիկա) և այլք, հղել են իրենց ուղերձները։