Պարի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում երաժշտական փառատոն է կազմակերպվել
Այսօր՝ ապրիլի 29-ին, Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան hամար 2 դպրոցի բակում անց է կացվել հանրապետական երաժշտական փառատոն՝ նվիրված Պարի միջազգային օրվան։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնը, որի ընթացքում դպրոցականները ներկայացել են ազգային երգ ու պարերի կատարմամբ, կազմակերպվել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՆԶՊ և ԱԾ վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից:
Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության պետական օրհներգով։ Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ խնկարկեցին արցախյան գոյապայքարում անմահացած տղաների հիշատակը։
Մեզ հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության ՆԶՊ և ԱԾ վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ Աննա Աբրահամյանն ասել է, որ նման միջոցառում արդեն երկրորդ տարին է կազմակերպվում։
«Փառատոնին մասնակցում են Հանրապետության շրջանների և մայրաքաղաքի դպրոցների խմբերը։ Նպատակն ազգային դաստիարակությունն ու դիմագծի պահպանումն է, ինչպես նաև ազգային երգերի, պարերի ուսուցումն և հանրայնացումը»,-նշել է Ա. Աբրահամյանը։
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանի խոսքով՝ աշակերտները պետք է միշտ հիշեն, որ իրենց պարը սոսկ ներդաշնակ շարժում չէ, այլ՝ ոգի, գաղափար, ուղերձ ողջ հայությանն ու աշխարհին, որ Արցախը կա, ապրում ու արարում է»,-ասել է Մ. Բալայանը։
Փառատոնի մասնակից բոլոր դպրոցները պարգևատրվել են Նախարարության պատվոգրերով և հուշանվերներով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան