Էնդոկրինոլոգը հերքել է կաթի վտանգավորության մասին առասպելը
Ներկայումս ակտիվորեն տարածվում է այն կարծիքը, որ կաթն ու կաթնամթերքը վնասակար են և նույնիսկ վտանգավոր են առողջության համար: Բժիշկ-դիետոլոգ, էնդոկրինոլոգ Օքսաննա Միխալևան «Իզվեստիա»-ի հետ զրույցում հերքել է այդ պնդումները։
«Կաթնամթերքը համարում են վնասակար և նույնիսկ վտանգավոր՝ ասելով, թե առաջացնում է մարսողական խանգարումներ, աուտոիմուն հիվանդություններ, ունի գիրություն առաջացնելու ունակություն, սակայն դա այդպես չէ»,- նշել է էնդոկրինոլոգը։
Ավելին, ըստ նրա, կաթից լիովին հրաժարվելը, ընդհակառակը, կարող է հանգեցնել օրգանիզմում որոշակի նյութերի դեֆիցիտի։
Մասնավորապես, ինչպես պատմել է էնդոկրինոլոգը, առաջին հերթին կաթն ու կաթնամթերքը մարդու սննդակարգում կալցիումի հիմնական աղբյուրներն են, ուստի դրանցից հրաժարվելը սպառնում է կալցիումի անբավարարությամբ:
«Կալցիումի հատկապես մեծ պահանջարկ ունեն երեխաները, դեռահասները, հղի և կրծքով կերակրող կանայք, ինչպես նաև 50 տարեկանից բարձր մարդիկ։ Կալցիումն անհրաժեշտ է երեխայի աճի և զարգացման համար, իսկ մեծ տարիքում կալցիումի բավարար ընդունումը օստեոպորոզի կանխարգելման գործոններից մեկն է»,- նշել է Միխալևան:
Բժշկի խոսքով՝ կալցիումի օրական չափաբաժինը ստանալու համար հարկավոր է օրական երկու-երեք բաժին կաթնամթերք ուտել։
Էնդոկրինոլոգը նաև ընդգծել է, որ կաթը հարուստ է հեշտությամբ մարսվող սպիտակուցներով։