Գյումրու «ժառանգած» աղբավայրի բացասական ազդեցությունը մեծացել է
Գյումրի քաղաքի բաց աղբավայրը պատուհաս է դարձել գյումրեցիների համար։ Այն հաճախ է այրվում, իսկ աղտոված օդն ու ծխագազերը բաժին են հասնում հարակից տարածքներում ապրողներին։ Panorama.am-ի հետ զրույցում խնդրի մասին բարձրաձայնեց Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։
«Աղբավայրում թափոններն անընդատ այրվում են ծուխն ու աղտոտված օղը քամիների միջոցով հասնում է հարակից բնակավայրեր։ Աղբավայրը շահագործվում է 50-ական թվականներից, բաց աղբավայր է և որևէ ժամանակակից նորմերին չի համապատասխանում։ Աղբավայրը գտնվում է անմիջապես Ախուրյան գետի ավազանում և անձրևների, հեղհեղումների ժամանակ լվացվում են թունավոր մնացորդներն ու այդ աղտոտված ջրերը լցվում են գետ։ Աղբավայրի աղբը հիմնականում ինքնաբռնկվում է,այրվում, իսկ այդ ծխագազերը մեծամասամբ շնչում են «Մուշ-2» և «Անի» թաղամասերի բնակիչները, ինչպես նաև «Բուլվարային» թաղամասի որոշ հատվածներ։ Հարկ է նշել, որ այս աղբավայրի տարածքը նախկինում եղել է Գյումրի քաղաքի ծայրամասը, բայց այժմ, ուրբանիզացիայի պատճառով, Գյումրին մեծացել է, աղբավայրին հարակից տարածքներում կառուցվել են տներ, արտադրական տարածքներ և այլն։ Այժմ աղբավայրը գտնվում է Գյումրու բանուկ տարածքում, հետևաբար դրա բացասական ազդեցությունը, այդ թվում՝ մարդկանց առողջության վրա, մեծացել է»։
Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ խնդրի լուծման համար կամ պետք է եղած աղբավայրը կարի բերել, որի արդյունքում չեն աղտոտվի օդային ավազանն ու ջրային ռեսուրսները, կամ էլ՝ աղբավայրի տեղը պետք է փոխել։
«Պետական ռազմավարություն պետք է մշակել Շիրակի մարզի համար՝ ունենալ մեկ կենտրոնացված աղբավայր, օրինակ՝ «Բենյամին» բնակավայրի տարածքում, որտեղ կթափվեն բոլոր թափոնները։ Թեև այս դեպքում էլ գնաատված չեն էկոլոգիական ռիսկերը և արդյոք կնվազեն խնդիրները»,- ասաց նա։
Բնապահպանական կազմակերպության նախագահը նշում է՝ Գյումրու «ժառանություն» մնացած աղբավայրով պետք է զբաղվեն պատկան մարմինները։ Ըստ նրա ՝ միայն համայքնը չի կարող իր միջոցներով լուծել նշված խնդիրները։
«Մեկ այլ մտահոգություն ևս կա՝ եթե նման խոշոր ծրագիր իրականացվի, ապա հնարավոր է աղբավճարը մի քանի անամ ավելանա, քանի որ դա պահանջում է մեծ ներդրումներ»։
Ամեն դեպքում, Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահն այն համոզմանն է, որ եթե քաղաքական կամք լինի և միջոցների պատշաճ կառավարման մեխանիզմներ ներդրվեն, ապա այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել։
«Միշտ ասում են՝ հանրությունը պետք է սկսի պահպանել, մաքրել և այլն, ես դրա կողմնակիցը չեմ։ Մենք այդ ամեն ինչի լիազորությունը տվել ենք համայնքին։ Եթե համայնքային իշխանությունը կարծում է, որ հանրության շրջանում ցածր է բնապահպանական վարքածի մակարդակը, ապա այս ուղղությամբ պետք է կատարի որոշակի կրթական, քարոզչական գործառույթներ՝ցույց տալով իրենց արած աշխատանքների արդյունավետությունը։ Բայց ստացվում է՝ մարդկանց ասում են՝ կանգնեք, մաքրեք, սա մեր հայրենիքն է, բայց այն մարմինները, որոնք պարտավոր էին այդ մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնել և փող են ստանում դրա համար, չեն անում, իսկ ժողովուրդը հա′մ փողը պետք է տա, հա′մ էլ ինքը պետք է ոտքի կանգնի ու մաքրի։ Կարծում եմ՝ ժողովուրդն ավելի պահանջատեր պետք է լինի, դառնա պատվիրատու՝ ասելով եկեք այստեղ մաքրեք, ինչո՞ւ չեք մաքրում»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց․
«Պետք է հասկանալ, որ իշխանությունները երբեք լավը չեն լինում։ Լինում են ուժեղ ժողովուրդներ, որոնք ստիպում են իշխանություններին ծառայել։ Եթե մենք այդ ուժեղ ժողովուրդը չենք և չենք ուզում լինել, ապա երբևէ չենք ունենալու լավ իշխանություն, որը կծառայի ժողովրդին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան