Ավինյանի կնոջ վերաբերյալ դատարանի որոշումը դաս պետք է լինի պաշտոնյաների կանանց. Գևորգ Գրիգորյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ով, դատարանի որոշմամբ, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից՝ ոչ կոռեկտ «բառամթերքի» համար, ներողության տեքստը տեղադրել է նոր բացված ֆեյսբուքյան էջում։ Սակայն Գևորգ Գրիգորյանի համար երկրորդական է այն փաստը, որ ներողության տեքստը տեղադրված է նոր բացված էջում։
«Ներողություն խնդրելն այդքան ինձ բավարարելու համար չէ։ Դա ուղղակի պետք է դաս լինի, որ մարդիկ իրենց խոսքերն ընտրողաբար օգտագործեն՝ անկախ քաղաքական իրավիճակից, անկախ շատ գործոններից։
Նման կերպ իրեն դրսևորելը, անծանոթ և օտար տղամարդու նկատմամբ անբռնազբոս հայտարարություններ անելը, հարիր չէ պաշտոնյա մարդու կնոջը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Գրիգորյանը։
Նրա խոսքով, դատարանը պարտավորեցրել է, «այդ աղջիկը» ներողություն է խնդրել, լավ է արել, դատարանի վճիռը պետք է կատարել։
«Երկրորդական, երրորդական է դատարանի վճիռից բավարարված լինելը կամ... Ուղղակի դաս լինի բոլոր պաշտոնյաների կանանց, աղջիկներին, քույրերին, նաև հենց իրենց, որ ուղղակիորեն բառ օգտագործելը կամ ինչ-որ մեկի հասցեին անվայել խոսքեր օգտագործելը հետևանքներ է ունենում»,- ասաց Գ.Գրիգորյանը։
Այսօրվա դատական համակարգը հաշվի առնելով, նրա կարծիքով, որոշումը ծանր է կայացվել. «Հասկանում եմ՝ այսօր դատական համակարգի վրա որքան են ճնշումներ գործադրվում, բայց, կարծում եմ, դեռևս կան դատավորներ, ովքեր իրենց դատավորի պատմուճանն ու արժանապատվությունը բարձր են գնահատում, հասկանում են՝ անկախ քաղաքական վիճակից, դատարանը մնում է դատարանը, ինչը, ափսոս, չեմ կարող ասել շատ դատավորների մասին, ովքեր, այսօրվա իրականության հետ համակերպված, պատվերներով կարող են գործեր կարել»։
Գ.Գրիգորյանը դատարանի որոշման բողոքարկման անհրաժեշտություն չի տեսնում. «Կրկնում եմ՝ այստեղ սկզբունքայինը ոչ թե ներողությունը նոր էջով, թե հին էջով խնդրելն է, այլ այն, որ արտահայտություն անողը խորապես գիտակցի, որ չի կարելի նման կերպ պահել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում