Թովմասյանը Կովաչևին ներկայացրել է «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է.
«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպում ունեցանք Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
Քննարկեցինք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն
խախտումներին, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին,
սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված
անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:
Պարոն Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում
մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները, մասնավորապես՝ խտրական
վերաբերմունքն ընդդիմադիր հայացքներ ունեցողների և իշխանության համախոհների
կամ իշխանական թիմի ներկայացուցիչների միջև:
Նշեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած
անօրինությունները, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից
առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ:
Խոսելով խոսքի ազատության ոտնահարումների մասին՝ ընդգծեցի, որ այս առումով
ևս խտրական քաղաքականություն է իրականացվում: Իշխանության համար «ոչ
ցանկալի» անձինք, երբ բռնության կոչ են անում, պատժվում են, իսկ
նույնաբովանդակ բռնության կոչեր և սպառնալիքներ հնչեցրած, պատգամավորին
անհարիր վարքագիծ դրսևորած իշխանական պաշտոնյաները որևէ պատասխանատվության
չեն ենթարկվում:
Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր
պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով,
բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և
թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինությունների համար ևս ոչ
ոք պատասխանատվություն չի կրել:
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողն արտահայտեց
իր մտահոգությունը Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև
Հայաստանի ժողովրդավարական վիճակի շուրջ։
Երկուստեք հայտնեցինք մեր պատրասակամությունը շարունակել մշտական
համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայանը չի կասկածում, որ ադրբեջանական անցակետը դառնալու է խոշտանգումների կետ
- Քաղաքագետ. Նշանակում է՝ անցակետի հետ կապված շոուն ադրբեջանա-հայկական է
- Գնա ու էլ չվերադառնաս. Մանրամասներ ադրբեջանական ապօրինի անցակետում զրույցից
- ՄԻՊ-ը՝ Թագուհի Թովմասյանի ակցիայի մասին. Վիրավորանքի տարածմանը վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում են
- Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան