Տիկին Գալստյան, ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան
«Կուզեի այստեղ ժամանակը ծախսել բովանդակային քննարկումների վրա»,- Ազգային ժողովում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով քննարկման ժամանակ հնչած ելույթներին։
Նա կոնկրետ դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ ասելով. «Տիկին Գալստյան, չեմ անդրադառնա ձեր ելույթին։ Կարծում եմ՝ ձեր ելույթը բոնադակազուրկ է մեղադրանքների իմաստով, ուղղակի անիմաստ եմ համարում ժամանակ վատնել նույն ոճի ու տրամաբանության մեջ պատասխանելու համար։
Թույլ չտվեցի անդրադառնալ «ազգայինին», կարծում եմ՝ ուղղակի ի ցույց կդնեմ, որ չեք կարդացել օրենքը և չեք տեսել, որ «ազգային» բառի հետ ոչինչ չի լինում, ինչպես և «ազգային» գործունեության հետ։ Այսքանով սահմանափակվեմ»։
ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն էլ իր ելույթում անդրադարձավ Լիլիթ Գալստյանի ելույթին. «Կարծես թե այստեղ ամեն անգամ բացում է Աճառյանի բառարանը, դժվարընթեռնելի բառերով գալիս ու ասում է արգահատելի, եսիմ ինչ ... Տիկին Գալստյան, գոնե ձեր ֆրակցիայի քարտուղարին լսեք, ով ասում է՝ մենք ունենք Գիտությունների Ազգային ակադեմիայի մասին օրենք։ Կամ դուք չեք լսում ձեր ֆրակցիայի քարտուղարին, կամ չգիտեմ էլի...»։
Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Լիլիթ Գալստայանն ասել էր. «Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից։ Ես սա իրապես տեղավորում եմ ազգայինի նկատմամբ ներկա քաղաքական ուժի, իշխանություն իրականացնող քաղաքական ուժի տոտալ արգահատանքով և ալեգիայով ազգային բառի նկատմամբ»։
Ժ. Անդրեասյանն անդրադարձավ նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթին։
Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում մասնավորապես ասել է. «Տիկին նախարար, վստահաբար Ձեզ շատ են քննադատել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան միաձուլելու համար, այնուամենայնիվ կխոսեմ հարցի իրավական կողմի մասին։
Բայց մինչ այդ, արձանագրեմ, որ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք հրաժարվում ենք առանձին ուսումնասիրել Հայ եկեղեցու պատմությունը, որն ամենևին քարոզչություն չէ, այլ մեր մաքառումների, մեր պատմության ուղիղ արտացոլանքն է, բայց դա, ինչպես ասում են, Կառավարության ճաշակն էր։
Ի՞նչ է լինելու իրավական առումով, որովհետև Ձեր որոշմամբ խախտվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որով սահմանվում է Եկեղեցու դերակատարումը կրթության ոլորտում, և առաջին մասի 2-րդ կետով նշվում է․
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։
Փաստորեն այս օրենքը խախտվել է, և Եկեղեցին, Կառավարության որոշմամբ, դուրս է մնացել կրթական գործընթացից։ Ինչպե՞ս եք վերացնելու այս օրինախախտումը»։
Նշենք, որ ԱԺ-ն Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունեց 55 կողմ, 28 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
- Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան