Ադրբեջանից ասում են՝ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը
«Հայ հոգևորականները պետք է հեռանան Խուդավենգի (Դադիվանք՝ Panorama.am) վանքից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նա նշել է, որ «հայ հոգևորականներն այդ վանքի հետ կապ չունեն, պետք է հեռանան այնտեղից»։
«Այն պատկանում է կովկասյան Ալբանիային։ Վաղ թե ուշ ալբանա-ուդիական քրիստոնյա համայնքը կլուծի այդ հարցը», - նշել է նա։
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, 2020-ի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ավելի վաղ Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրել էր. «Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները:
Դադիվանքում մոտ 200 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Այն ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան