Լարսում բեռնատարներ են կուտակվել
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարներ են կուտակվել։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ տեղեկություն է տարածվել, ըստ որի` միայն հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին են արգելում հատել սահմանը։
«Ալիք Մեդիա»-ն այս հարցով դիմել է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Բեռնատարների կուտակումներն իրականում առկա են։ Պատճառը երկու գործոնով է պայմանավորված. նախ` ավելացել է բեռնատարների մուտքը Վրաստան, և երկրորդ` եղանակային պայմաններն են անբարենպաստ։ Այնտեղ կանգնած են տարբեր երկրների պետհամարանիշներով բեռնատարներ, և հայկական բեռանատարների համար որևէ առանձին սահմանափակում չկա»։
Նշվում է, որ մինչև մարտի 30-ը փակ էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար։ Այս պահի դրությամբ ճանապարհի այդ հատվածում սահմանափակումներ չեն գործում։