Սենատորներ Մենենդեզն ու Բլեքբըրնը ներկայացրել են օրինագիծ՝ աջակցելու Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և սենատոր Մարշա Բլեքբըրնը (Հանրապետական, Թենեսի) ներկայացրել են երկկուսակցական մի օրինագիծ՝ աջակցելու Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերին։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ.-ին վավերացրել են բանաձևեր, որոնցով «խրախուսվում են Հայոց ցեղասպանության մասին կրթությունն ու հանրային ընկալումը»:
S.1329 օրինագիծը, ունի փոխկապակցված օրինագիծ Ներկայացուցիչների պալատում՝ H.R.2803, որը ներկայացրեց կոնգրեսական Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Թեդ Լիուի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադeոյի (Հանրապետական, Կալիֆոռնիա) հետ միասին, 2023թ.-ի ապրիլի 24-ին և ներկայումս ունի 48 համահովանավորներ: Առաջարկվող օրինագիծը Կոնգրեսի գրադարանավարին ուղղորդում է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության մասին կրթությանն աջակցելու համար:
«Մենք ողջունում ենք այս երկկուսակցական օրինագծերը, որոնք ուղղված են էլ ավելի խթանել Հայոց ցեղասպանության մասին կրթությունը և իրազեկվածությունը։ Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 2021թ.-ին, որը նա վերահաստատեց այս տարվա ապրիլին և որը հետևեց 2019թ.-ի Կոնգրեսի բանաձևերին, որոնցով հայտարարվեց, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունն է» ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը կրթության միջոցով, ճանապարհ հարթեց հետագա օրինագծի ընդունման համար, որով ուժեղանում է կրթությունը մարդու իրավունքների մասին»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
Նա նշել է, որ Ցեղասպանության կանխարգելումը մնում է մարդու իրավունքների կրթության առանցքային նպատակներից մեկը՝ ձգտելով պաշտպանել վտանգի տակ գտնվող անհատների և բոլոր ժողովուրդների իրավունքները, ինչը հայերը շատ լավ գիտեն՝ հաշվի առնելով հերթական Հայոց ցեղասպանության նշմարվող ուրվականը:
Մի քանի նահանգներ վերջին տարիներին ընդունել էին կրթական մանդատներ՝ խրախուսելով մարդու իրավունքների թեմայով կրթական ծրագրերի զարգացումը: Համագումարը և հատկապես իր քույր կազմակերպությունը՝ Հայկական ազգային ինստիտուտը, երկար ժամանակ աջակցել են մանկավարժներին և ուսուցիչներին՝ մշակելով անհրաժեշտ ուսուցողական գործիքներ՝ այդ ջանքերին աջակցելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան