«Ժողովուրդ». Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր Մամուլի ազատության օրն է: 1994թ.-ից սկսած` ամեն տարի՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Եվ չնայած ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», սակայն լրագրող-իշխանությունների կողմից մամուլի դեմ ամենաշատ քայլերն են իրականացվել ՀՀ-ում հեղափոխությունից հետո:
Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում նշվել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։ Մասնավորապես, 2022 թվականի գարնանն Ազգային ժողովը վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացրել է:
Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը: Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր:
Այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի որակումներին՝ արված լրագրողների հասցեին: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով: «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է նա։
2020 թվականի փետրվարի 20-ին Փաշինյանը հայտարարել էր. «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Կամ այս տարի, խոսելով լրագրողների աշխատելաոճի մասին, Փաշինյանը նշել էր, որ իրեն զարմացնում է՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին: Նրա օրոք շարունակել են ոտնահարվել լրագրողների իրավունքները, ու մամուլի ճնշման համար մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում