Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու
Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռչող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, NTV հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվոմ են։ Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև նշել է, որ բացառության կարգով թույլ են տվել միայն Հայաստանի ԱԺ նախագահի այցը Թուրքիա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Flyone-ի ուղևորները Երևան հասնել չեն կարողանում
- «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով
- Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա
- Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
- Թուրքիան փակել է օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության համար