Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին
Չորեքշաբթի գիշերը Ուկրաինան երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Սարքերն անջատվել են, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը։ Ռազմական և հատուկ ծառայությունների կողմից ռադիոլոկացիոն պայքարի համակարգերի կիրառմամբ ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից հանվել են»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։
«Այս գործողությունները որակավորում ենք որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և նախագահի դեմ մահափորձ, որն իրականացվել է Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի շքերթի նախօրեին, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայությունը:
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ անհրաժեշտ կհամարի»,- ասվում է հայտարարությունում։
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռիա Նովոստի»-ին ասել է, որ Պուտինը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պահին Կրեմլում չի եղել, այսօր նա աշխատում է մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող իր նստավայրում։
Նա նաև հավելել է, որ Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում շքերթ անցկացնելու պլանները մնում են ուժի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան