Բլեյանի դպրոցում քննիչները դեռ աշխատում են
ՆԳՆ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն այսօր տվյալներ են ստացել, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որն առավել հայտնի է որպես Բլեյանի դպրոց, կրակոցներ են հնչել։
«Հաղորդում ենք ստացել, որ համալիրի պատուհանի վրա հրազենի կրակոցի հետքեր են երևացել, ըստ ահազանգողի, այն եղել է օդաճնշիչ հրազենից։ Օպերատիվ քննչական խումբը մեկնել է դեպքի վայր»,-Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ կատարվել են նախնական քննչական գործողություններ։
«Դրանք շարունակվում են։ Այս պահի դրությամբ վաղաժամ է դեպքի հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև նախնական իրավական գնահատական տալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Գործողությունների արդյունքներն ի մի կբերվեն, դրանց հիման վրա կտրամադրվի տեղեկատվություն»,-ասաց ՔԿ խոսնակը։