Հրաչյա Սարգսյանը դատի է տվել «Ժողովուրդ»-ին, բայց խնայել նախկին ընկերոջը՝ Մեսրոպ Առաքելյանին
Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հրաչյա Սարգսյանն ապրիլի 6-ին հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ Նա և Հայկ Հովհաննիսյանը դատարանից պահանջել են պարտավորեցնել հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջել է դրամական փոխհատուցում։
«Պահանջել եմ բարոյական փոխհատուցում, նաև ֆինանսական փոխհատուցում՝ առավելագույն չափով, որն օգտագործելու եմ բարեգործական նպատակներով»,-Panorama.am-ին ասաց Հրաչյա Սարգսյանը։
Հայցը մակարգրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին, ապրիլի 18-ին այն ընդունվել է վարույթ։
Չնայած դրան, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը Panorama.am-ին ասաց, որ այսօրվա՝ մայիսի 3-ի դրությամբ որևէ ծանուցում չեն ստացել հայցի մասին։
«Մենք ունենք փաստեր, մեր հրապարակման մեջ էլ կա փաստաթուղթ: Դատական նիստերի ընթացքում էլ մարդիկ կտեսնեն մեր հրապարակման իսկությունը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին «Ժողովուրդ»-ը մասնավորապես գրել էր.
«Ընդհանուր առմամբ՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։ Ըստ իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է մոտ 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին»։
Նշենք, որ ավելի վաղ՝ այս տարվա մարտի 16-ին ավտաբուսների գործարքի վերաբերյալ հրապարակային կերպով կասկածներ էր հայտնել Հրաչյա Սարգսյանի նախկին ընկեր, կուսակից ու գործընկեր Մեսրոպ Առաքելյանը, որը Փաշինյանի օրոք եղել է վերջինի խորհրդականը, ապա նաև աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը։ Այսօր արդեն Մանե Թանդիլյանի հետ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրն է։
Մ. Առաքելյանը մասնավորապես գրել էր.
«Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։
Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա»։
Գրառումից մեկ օր անց՝ մարտի 17-ին Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։
Ապրիլի 3-ին նա հրապարակային կերպով հայտարարեց.
«Երկար մտորումների արդյունքում, որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը, որոնց ի պատասխան ձեռնարկվել են միջոցներ իրավական ճանապարհով»։
Panorama.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետն ասաց՝ տեսել է Առաքելյանի գրառումը, նրան պատասխանել է, դրան ի պատասխան ֆեյսբուքյան գրառումն է կատարել, նաև ութ թերթանոց փաստաթուղթ է հրապարակել։
Հարցին, չստացվե՞ց Սարգսյանը ցուցաբերել է ընտրովի մոտեցում, խնայել կամ ներել է նախկին ընկերոջը, բայց գրեթե նույն հրապարակման համար դատի տվել լրատվամիջոցին, ի պատասխան Փաշինյանի խորհրդականն ասաց.
«Կներեք էլի, ես հիմա ոչ մի փոխհարաբերություն չունեմ իմ նախկին ընկերոջ հետ։ Սա հիմա նախընտրական մրցավազք է։ Փորձում են արած գործերը սևացնել ու դիվիդենտներ ստանալ։ Տարբեր մարդիկ փորձելու են տարբեր բաներ անել։ Մի բան պիտի ասեն։ Կոնկուրենտ ուժերը փնովելու են, ասելու են՝ մենք գալու ենք ոսկուց բաներ սարքենք քաղաքում, հինգ րոպեում լուծելու ենք տրասպորտի խնդիրը։ Իմ ընկալումն այս է»։
«Ժողովուրդ»-ի խմբագիր Քնար Մանուկյանը կարծում է՝ այն հանգամանքը, որ Հրաչյա Սարգսյանը դատարան հայց է ներկայացրել միայն ԶԼՄ-ի դեմ, խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանություններն ամեն ինչ անում են մամուլին լռեցնելու համար։
«Կրկնում եմ՝ չի ստացվելու։ Ես պարոն Սարգսյանին միայն մի բան կասեմ՝ կհանդիպենք դատարանում։ Մեզ լռեցնել հնարավոր չէ, ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցնելով, ճնշելով՝ քաղաքականիշխանությունները որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ»,-ասաց նա։
Անդրադառնալով այն լուրերին, թե Մեսրոպ Առաքելյանին ավտոբուդների գործարքի վերաբերյալ տվյալներ տրամադրել են ՔՊ-ականները՝ Հրաչյա Սարգսյանին իրավապահներով վախեցնելու միջոցով նրա հրաժարականին հասնելու համար, նախկին քաղաքապետը նշեց. «Վախենալու բան չկա, իրավապահ մարմիները կան, իմ հրաժարականն էլ նման բաների հետ կապ չունի, ինչ ճնշում գործադրեն, գործադրեն, որ ի՞նչ անեն»։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ ուսումնասիրում է Մեսրոպ Առաքելյանի գրառումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան