Անհրաժեշտ է ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Յումի Յոշիկավա
Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականության հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության, այդ թվում Ճապոնիայի հասցեական գործողությունները ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճռի կյանքի կոչման ուղղությամբ:
Յումի Յոշիկավան իր հերթին նշել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Յումի Յոշիկավան իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ վերահաստատելով պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի դրույթների»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում