«Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը՝ ԳԱԿ-ում
Մայիսի 4-ին` ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում կկայանա «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրության հանդիսավոր բացումը։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնից։
Վերջին տարիներին Հայաստանի ուրբանիստական մշակութային դաշտում գլխավոր դերակատարներից է Սերգեյ Նավասարդյանը, ով իր առանձնահատուկ ձեռագրով կարևոր տեղ է գրավում։ Աշխատելով թե Հայաստանում, թե արտերկրում՝ նա հայտնի է որպես yerevantropics ուտոպիստական գաղափարի հիմնադիր, որը հանգամանքների բերումով դարձել է նաև իր կեղծանունը։
Սերգեյ Նավասարդյանի ստեղծագործությունը սնվում է ժամանակակից գլոբալ փոփ մշակույթից՝ լոկալ մեկնաբանություններով, յուրահատուկ վիզուալ նարատիվներով, կոդերով ու արխետիպերով։ Վերջին տարիներին նա սահուն անցում է կատարում քաղաքային պատերից դեպի թուղթ, ստվարաթուղթ և այլ, հիմնականում հաստոցային, մեդիաներ։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը իր առաջին մեծածավալ նախագիծն է ինստիտուցիոնալ, թանգարանային տարածքում՝ ուրբանիստական միջավայրից դուրս։
«Լվացքը» որպես հայեցակարգ արտացոլում է մի քանի թեմա։ Սերգեյ Նավասարդյանի «լվացքի մեքենան» իր աշխատանքային պրոցեսն է, որտեղ նա լցնում է իր տարբեր «հանդերձները»՝ նկարչի, գրաֆիկ դիզայների, նորաձևության էնտուզիաստի, ուրբանիստական և փոփ մշակույթի սիրահարի ։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը ուրբանիստական արվեստային մշակույթը ինստիտուցիոնալ տարածք հրավիրելու հերթական քայլն է, ինչը թանգարանային միջավայրը դարձնում է առավել բաց ու հասանելի՝ հավատարիմ Կենտրոնի տեսլականին։
Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում մայիսի 5-ից հուլիսի 9-ը։ Մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան