«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի ժամանակակից դրամատուրգ Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևի երևակայությունները» պիեսը՝ Օլեգ Գալիցկու ռեժիսուրայով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
Ա.Սոկոլովայի «Ֆարյատևի երևակայությունները» պիեսը սիրո, մենության, հանդիպումների և բաժանումների, երևակայությունների և իրականության մասին է։
Պիեսի գլխավոր հերոսը՝ Պավել Ֆարյատևը, նույն փոքրիկ մարդն է, որին ճանաչում ենք Գոգոլի, Չեխովի, Դոստոևսկու և այլ ռուս գրողների ստեղծագործություններից։ Նա ապրում է իր երազներում, իրականությունը վախեցնում է նրան։
Ներկայացման հերոսները երազում են սիրել ու երջանիկ լինել, բայց կարո՞ղ է իրականանալ նրանց երազանքը, որն անիրագործելի է թվում։ Իհարկե, գուցե մի օր ամեն ինչ լավ լինի, բայց ոչ հիմա։ Ոչ իրենց իրականության մեջ։
Ներկայացման դերակատարներն են Սերգեյ Գրիգորյանը, Լալիտա Բուկիան, Լիանա Սևումյանը, Հայարփի Զուռնաչյանը, Նատալի Հարությունովան, Յանա Թուրգունյանը:
Ներկայացման բեմանկաչությունը՝ Լեոնիդ Շուլյակովի, Յարոսլավ Լոզայի, զգեստները՝ Մարի Սարգսյանի, երաժշտական ձևավորումը՝ Օլեգ Գալիցկու:
Ներկայացումը նախատեսված է 14+ անձանց համար:
Առաջնախաղերը կկայանան մայիսի 2-ին, 3-ին և 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան