Մանե Թանդիլյանի պաստառների ծավալի ու քանակի պաստառներ մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն է ունեցել. Վահագն Ալեքսանյան
«Շատ տարօրինակ է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն է խոսել մրցակցային առավելությունների մասին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից հայտարարում են՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները պետք է անցկացնել արտահերթ, քանի որ հերթական ընտրությունների գնալով՝ գործող իշխանությունը Տիգրան Ավինյանին մրցակցային առավելություն է տալիս։
Ալեքսանյանը նշեց, որ երևի տեսած կլինեն հենց ԱԺ եկող ճանապարհին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի պաստառների ծավալն ու քանակը։
«Հայաստանում այդքան մեծ ծավալի ու քանակի պաստառներ, եթե չեմ սխալվում, նախորդ ընտրություններում մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն է ունեցել ու այս կոնտեքստում, կարծում եմ, մրցակցային առավելությունից եթե խոսելու լինենք, առնվազն «Ապրելու երկիրն» ու նրա՝ թեկուզ ոչ դե յուրե առաջնորդ Ռուբեն Վարդանյանի ֆինանսական միջոցները շատ ավելի մեծ մրցակցային առավելություն են ստեղծում»,- նշեց ՔՊ-ականը։
Նրա խոսքով, իր տպավորությամբ, միլիոնավոր դրամի պաստառները հենց հիմա շատ հստակ քաղաքական ու նախընտրական բնույթի են։