Ձևավորվում են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ
«Օրինագծով նախատեսվում է մարզային մակարդակում ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ զեկուցելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ նոր ստեղծվող ստարաբաժանումներին կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
Ղազարյանն ասաց, որ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայումս մարզային վարչությունները լուծարվելու են, իսկ նոր տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար նախագծով առաջարկվում է բաց մրցույթ, ինչպես պարեկային ծառայության դեպքում:
«Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն` օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնի: Այս ստորաբաժանումները առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակներում օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի և կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները»,-հայտնեց ՆԳ նախարարը:
Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանվելու է, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժը և ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը:
«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան ոստիկանության պետի տեղակալները, ըստ այդմ՝ առանձին տեղակալի օղակ չենք ունենա»,-ասաց Վահե Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը
- Ճանապարհների միջին նորոգման համար պետական բյուջեից 382 մլն դրամ հատկացվեց
- Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան
- Ձեզ և բոլորիս մաղթում եմ գների կայունություն.Մհեր Գրիգորյանը շնորհավորեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ծննդյան օրը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում