Եվգենի Պրոնինը հայազգի կնոջ հետ նախատեսում է Հայաստանում նկարահանել լիամետրաժ ֆիլմ
Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Եվգենի Պրոնինը։ Մայիսի 5-ին, ժամը 19:00 «Լոֆթ Երևանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը: Կազմակերպիչների հաղորդմամբ, կկազմակերպվի նաև քննարկում և հարց ու պատասխան, ծանոթություն դերասանի հետ։
Ֆիլմում դասական շախմատի կոմերցիոն մրցաշարի եզրափակիչ հանդիպումը պետք է ընթանա այնպես, ինչպես սպասվում էր. երկարամյա չեմպիոնը ամեն տարի հաղթում է ամբողջ գումարը՝ հեշտությամբ հաղթելով բոլոր հավակնորդներին: Սակայն այս տարի մեկ այլ հավակնորդ պատրաստել է անսովոր ռազմավարություն:
Ռեժիսոր Սերգեյ Ռամզի այս ֆիլմն առաջադրվել է «Կինոտավր» կինոփառատոնի (Ռուսաստան) լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին, ինչպես նաև ստացել է դիպլոմ և ժյուրիի հատուկ մրցանակ «Короче» V ամենամյա կինոփառատոնում (Ռուսաստան):
Եվգենի Պրոնինն այժմ բնակվում է Երևանում իր հայազգի կնոջ՝ կինոպրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի և որդու՝ Հարրիի հետ, և արդեն հասցրել է սիրել Հայաստանի մայրաքաղաքը, հիացած է երկրի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ճարտարապետությամբ, հատկապես՝ մարդկանցով։
Քրիստինան մանկուց ապրել է Ռուսաստանում, սակայն այժմ տեղափոխվել է պատմական հայրենիք ու խոստովանում է, որ այնքան է սիրահարված Հայաստանին, որ չի ուզում հեռանալ։ Այժմ զույգը որոշել է մեր երկրում զբաղվել կինոյով։
Այս տարի Եվգենին և Քրիստինան նախատեսում են Հայաստանում նկարահանել լիամետրաժ ֆիլմ, որի հիմքում մասնակի կերպով Եվգենի Պրոնինի անձնական պատմությունն է։ Կարևոր գործարքի նախօրեին կրիպտոարժույթի հաջողակ և հմայիչ խաղացող Եվգենիի հերոսը ռիսկի է դիմում և մեծ գումարներ է կորցնում: Իր դիրքը փրկելու ակնկալիքով՝ նա մեկնում է Հայաստան՝ վաճառելու անսպասելիորեն ժառանգած ծիրանի այգին։ Նոր կինոնկարում դերասան Եվգենի Պրոնինն առաջին անգամ հանդես կգա որպես կրեատիվ պրոդյուսեր։ Պրոդյուսերներ՝ Քրիստինա Առուստամովա, Օլգա Սինելշիկովա։
«Մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում։ Ես ու Քրիստինան բազմիցս եղել ենք Հայաստանում, բայց ավելի կարճ ժամանակով։ Բավականին երկար ժամանակ ապրելով այստեղ՝ այս երկիրը բացվեց մեզ համար բոլորովին նոր ձևով։ Անվատալի է, թե ինչպես են մեզ ամենուր դիմավորում, թե ինչքան սեր են տալիս անծանոթ մարդիկ։ Մենք արդեն ճամփորդել ենք գրեթե բոլոր մարզերով, և ամեն անգամ նոր ու հետաքրքիր բան ենք գտնում մեզ համար։ Կինս սկսել է հայերեն սովորել, որպեսզի էլ ավելի ամուր կապեր ստեղծենք երկրի ու մարդկանց հետ»,-նշում է Պրոնինը։
Դերասան Եվգենի Պրոնինը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան