Արսեն Հարությունյան. «Պարող» ըմբիշը` Եվրոպայի եռակի չեմպիոն
Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր թաքնված հնարքների, մենամարտում փոքրիկ խորամանկությունների և ապագա ծրագրերի մասին։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճած ոսկե մեդալն Արսեն Հարությունյանի համար 3-րդն էր Հին աշխարհամասի առաջնություններում։ Արսենն առաջին հայ ըմբիշն է, որը 3 անգամ նվաճել է Եվրոպայի ուժեղագույնի կոչումը ազատ ոճի ըմբշամարտում։
Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր հաղթանակի, դրան հասնելու ցանկության, իր կարողությունների և գաղտնիքների մասին։
Հարց-Արսեն, քեզ հաջողվեց ազատ ոճի ըմբշամարտում հասնել աննախադեպ արդյունքի՝ դարձար Եվրոպայի եռակի չեմպիոն։ Ընդ որում` Զագրեբում դու եզրափակիչում կարողացար հաղթանակի հասնել աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ։ Եզրափակիչ գոտեմարտերին դու ինչպե՞ս ես պատրաստվում։
Պատասխան- Իմ կարիերայի ընթացքում երկու անգամ է եղել, որ ես եզրափակիչում պարտվել եմ։ Եզրափակիչ գոտեմարտերին շատ լավ եմ տրամադրվում, առանց ավելորդ լարվածության։ Եվրոպայի առաջնության եզրափակիչում ինձ համար շատ կարևոր էր հաղթանակը, որովհետև մրցակիցս մինչև 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովն էր։ Ինքս ինձ ապացուցելու բան ունեի։ Ես փոխելու եմ քաշային կարգս ու հանդես եմ գալու 57 կգ քաշային կարգում, դրա համար կարևոր էր հասկանալ` կարո՞ղ եմ այդ քաշային կարգում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հարց-Մարզիկները միշտ էլ ունենում են խնդիրներ անձնական քաշի հետ կապված։ Բայց համարյա միշտ լինում է քայլ առաջ, այսինքն` ավելի ծանր քաշային կարգ են տեղափոխվում։ Իսկ քո մոտ հակառակն է` դու հետ ես վերադառնում քո նախկին քաշային կարգին։ Ինչո՞վ դա կբացատրես։
Պատասխան-Օլիմպիական խաղերից հետո ես քաշ չեմ գցել ու հիմնականում կշռում եմ 61-62 կգ։ Շատ ըմբիշներ, որոնց անձնական քաշը 68 կգ է, քաշ են գցում ու սկսում են գոտեմարտել 61 կգ քաշային կարգում։ Դա որոշակի խնդիրներ է առաջացնում ինձ համար։ Մրցակիցներս իրենց մասսայով ավելի ուժեղ են լինում, ու ես գորգի վրա խնդիրներ եմ ունենում։ Ընդ որում` նման երևույթները շատ են լինում աշխարհի առաջնությունների ժամանակ, ու հիմնականում ամերիկացի կամ ռուս ըմբիշներն են դիմում այդ քայլին։
Իրենց մարմնով ավելի մեծ ու հզոր լինելով` նրանք կարողանում են իրենց կամքը թելադրել շատ գոտեմարտերում։ Ու ես, լինելով ավելի փոքրամարմին, մի քիչ զիջում եմ իրենց։ Ինձ համար խնդիր չէ քաշային կարգը փոխելը, որովհետև ես ինձ շատ լավ եմ զգում։ Ու նշեմ, որ առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ 57 կգ քաշային կարգը լինելու է ամենաուժեղներից մեկը մրցակցության առումով։
Հարց-Արսեն, գորգի վար դու անընդհատ շարժման մեջ ես։ Պտտվում ես, ոտքերով տեղափոխություն իրականացնում։ Ժամանակին Մուհամեդ Ալին բոլոր բռնցքամարտիկներին խորհուրդ էր տալիս ոտքերով շատ աշխատել, ու նրան այդ պատճառով «պարող» բռնցքամարտիկ էին անվանում։ Հիմա մենք ունենք պարող ըմբշամարտիկ։ Սա կարծես քո կողմից նորամուծություն է, հա՞։
Պատասխան-Ես բնավորությամբ եմ այդպիսին։ Եթե չշարժվեմ, չեմ կարող հաղթել։ Շարժումների մեջ է իմ հաղթանակը թաքված։ Անընդհատ շարժվելով` ես նաև հոգնեցնում եմ մրցակցիս, իսկ դա բավականին առավելություն է տալիս։ Եղել են գոտեմարտեր, երբ նման մարտավարությունը մրցակցի վրա նաև հոգեբանորեն է ազդել, իսկ դա արդեն հաղթանակի գրավականներից մեկն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան