Մեր նշանաբանը պետք է լինի՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին». Բագրատ Սրբազան
«Այսօր մեր կյանքում միմյանց հանդեպ ամենամեծ խնդիրն անվստահությունն է բոլոր առումներով, ընդհուպ մինչև ընտանիք»- «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանի խոսքով, մեր խոցված իրականությունը խոսում է նաև մեր հոգևոր արժեքային ճգնաժամի մասին, այսինքն այնտեղ է պատճառը՝ մեր մեղքը չընդունելու, ինքնաարդարացման անընդհատ հեղեղը լցնելով մեր կյանքը։
«Բոլորի մասին է խոսքը, բնականաբար, առաջին հերթին նրանց, ովքեր պատասխանատու են մեր կյանքի՝ լինի քաղաքական, վարչական իմաստով, բոլոր առումներով։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում այս կամ այն պատճառով մեղքի ծանրության տակ է գտնվում անկախ նրանից՝ որքան կզգա դա։
Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր։ Ասում է Տեր Աստված՝ քո երկիրը լքված ու ավերակ կլինի, եթե դու չկարողանաս հրաժարվել առաջին հերթին ինքնաարդարացումից, գործածի համար պատասխան տալու քաջություն ունենաս»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նա նշեց, որ քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ պետք է բարոյական հասարակություն ունենալ. «Մեր ամբողջ խնդիրները բխում են դրանից, երբ քեզ ներկայացնողը կամ կառավարիչը ոչ ամոթ, ոչ էլ վախ ունի, ոչ էլ բարոյականություն»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով, մեր այսօրվա կյանքը, գոնե իր համար, գողացված ուրախության, գողացված պատվի ժամանակաշրջան է։
«Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն այն բարքերին, որոնք գոյություն ունեն մեր կյանքում։ Այո, հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, սա պետք է լինի մեր նշանաբանը»,- ընդգծեց Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան