Հայաստանի Պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ 35-13 դդ․ արվեստի բարձրարժեք նմուշներ
Մայիսի 20-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար» խորագրով մշտական ցուցադրությունը։
Հայաստանի Պատմության թանգարանից հայտնում են, որ ցուցադրության շրջանակում կներկայացվեն Ք․ ա․ 35-13 դդ․ արվեստի բարձրարժեք նմուշներ՝ արձանիկների խմբեր, գեղաքանդակ զենքեր և զարդեր, ծիսական խեցանոթներ, որոնք հայտնաբերվել են Լճաշենից, Արթիկից, Լոռի Բերդից, Քարաշամբից և այլ հնավայրերից։
Ցուցադրվելու է նաև Լճաշենից հայտնաբերված կամարածածկ թափքով քառանիվ փայտե կառքը, որը թվագրվում է Ք․ա․ 15-14-րդ դդ․։ Կառքի մասերը պատրաստված են տարբեր փայտատեսակներից․ անիվները՝ կաղնուց, քանդակազարդ տախտակները՝ կարմրափայտ, քաշանը, լուծը, կամարի ձողերը՝ թեղի։ Դետալները միացվել են բացառապես փայտե սեպերով և գամերով։
Երկար քաշանն ընձեռում էր դյուրին շրջապտույտի հնարավորություն։ Քաշանի և լծի միացման տեղը զարդարվել է բրոնզե մարտակառքի խմբաքանակով կամ կենդանիների և թռչունների բրոնզե արձանիկներով։ Կառքի հետ մեկտեղ դամբարան են իջեցվել հանգուցյալի կարգավիճակին պատշաճ զենքեր, զարդեր և պաշտամունքային այլ իրեր։
Դրանք փաստում են, որ դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանից սկսած Հայկական լեռնաշխարհում ստեղծվել է նյութական և հոգևոր բարձրարվեստ մշակույթ, զարգացած են եղել տնտեսական և մշակութային կյանքը, արհեստներն ու միջազգային առևտուրը, մետաղագործությունը, այդ թվում մետաղի գեղարվեստական մշակումը, փայտամշակությունը, խեցեգործությունը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան