«Հրապարակ». Արցախն այս օրերին օրհասական ժամանակներ է ապրում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Արցախն օրհասական ժամանակներ է ապրում, սակայն ներքաղաքական բուռն պրոցեսներ են ընթանում։ ՀԿ սեկտորն է ակտիվացել:
Ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի պալատում նա հերթական հավաքն է կազմակերպել և Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իր տեսակետն է ներկայացրել՝ մեղավորներ հռչակելով նախկիններին և Արցախի գործող իշխանություններին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։
Ասել է, որ Ադրբեջանը մինչև անցակետի տեղադրումը բազմիցս է ապատեղեկատվություն տարածել, թե իբր այդ ճանապարհով հայերը զենք-զինամթերք են տեղափոխում, ԱՀ իշխանությունները պետք է կանխատեսեին, որ ճանապարհը փակելու հող են պատրաստում, և քայլեր ձեռնարկեին, ասենք՝ իրենք սկաներ սարքեր տեղադրեին՝ հերքելով ադրբեջանական ստերը։
Բաբայանը ոչ անվանական, բայց խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի դեմ, ով, ըստ որոշ լուրերի, կանգնած է «Ո՛չ էթնիկ զտմանը» նախաձեռնության ետևում։ Բաբայանն ասել է, թե այդ ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տալու՝ նման փորձ եղել է նաև 90-ականներին, ապարդյուն: Ակնհայտ է, որ Բաբայանը պետնախարարի պաշտոնին է հավակնում, սակայն Արցախի նախագահականից հայտարարեցին, որ նրան պաշտոն չի առաջարկվելու: Մինչդեռ Բաբայանը որոշել է չնահանջել` հանրային կոնսոլիդացիա ապահովել և նստացույց հայտարարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։