Այսպես հեղինակազրկել բանակը, նշանակում է՝ վաղը չենք ունենալու զինակոչիկ. Հրանտ Թոխատյան
«Ամոթ է, ամոթ, այդ մարդիկ հաղթանակ են բերել երկրին, այդ մարդկանցով սերունդներ են մեծացել։ Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մենք չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ մեծացնենք։ Որ կողմ նայում ես՝ կամ դատվում են, կամ խոսք է գնում դեռ կդատվեն։ Սա ուղղակի խայտառակություն է»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
Հ.Թոխատյանի խոսքով, եթե ասելիք ունեին զինվորականներին, կարող էին առանձին հանդիպել նրանց հետ, ներքին կարգով լուծել հարցերը։
«Անկախությունից ի վեր մեր երկրում եղել են երկու ինստիտուտներ, որոնք համարվել են կայացած՝ եկեղեցին և բանակը։ Վերջին տարիներին երկու ինստիտուտն էլ ամեն կերպ քարկոծվում են։ Սա արվում է նրա համար, որպեսզի բանակի հեղինակությունը որքան հնարավոր է հավասարեցնեն պլինտուսի մակարդակին։ Նման բան անել չի կարելի»,- ասաց Հ. Թոխատյանը։
Նա նշեց, որ բանակն այնպիսի ինստիտուտ է, որը մեր վաղն է, ապագան է, ամեն ինչ մեր բանակի, զինվորականների ձեռքում է, հատկապես Գրիգորի Խաչատուրովի պես գեներալի, նաև Սեյրան Օհանյանի։
«Ամեն ինչ արվում է հայ ընտանիքում տղա երեխայի բանակ գնալն ամեն կերպ խոչընդոտվի, ամեն կերպ ազատվի... Նման բան եղել է, բայց այն ժամանակ, եթե դրանք եզակի դեպքեր էին, այսօր երիտասարդների մեծ մասը չեն ուզում ծառայել բանակում։
Այսպես հեղինակազրկել բանակը, նշանակում է՝ վաղը չենք ունենալու զինակոչիկ»,- ասաց Հրանտ Թոխատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյան. Այս ամենը սկսել է 2018-ից
- Շուշիի ազատագրման օրը գեներալների դատավարությունն իշխանութունների մոլագարության ցուցանիշն է. Գեղամ Մանուկյան
- Կարեն Վրթանեսյան. Բանակը գլխատված է
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել