Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
«Իշխանությունը տարբեր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդման տարբեր դրսևորումներ ունի՝ մեկին բարոյական, մյուսին՝ հոգեբանական, իրավական և այլն։ Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ սպային, գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ այն մարդկանց, որոնք այսօր բաց խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին, մեր երկրին սպասվող նոր ողբերգությունների մասին, այս իշխանությունը զրկում է ազատությունից։
«Գեներալ Խաչատուրովի նկատմամբ հետապնդումն այս դրսևորումներից մեկն է»,-ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով հարցին՝ ողբերգություն ասելով ի՞նչ նկատի ունի պատգամավորը, արդյոք այն վերաբերո՞ւմ է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «խաղաղության» պայմանագրի հնարավոր կնքմանը, Տ. Աբրահամյանը պատասխանեց, չնայած ԱՄՆ-ն փորձում էր դրական ֆոն ապահովել, բայց Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի իշխանությունների հնչեցրած մեկնաբանությունները փաստում են, որ դրական արդյունք չի եղել։
«Ավելին, կողմերը զգուշավորությամբ խոսում են նոր անկանխատեսելի իրադարձությունների մասին։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը Հայաստանի գլխին իջեցրել է մաքսիմալիստական օրակարգ, որով ենթադրվում է ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ խոսում էր այն մասին, որ հայկական կողմի առաջարկած ինքնավարությունը նույնիսկ Ադրբեջանը չի ընդունել։ Ադրբեջանի պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանի գրաված տարածնքերի լեգիտիմացում, նոր տարածքներ, միջանցքի թեման է ակտիվ շրջանառվում։ Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ դրան հասնելու է ամեն գնով՝ նաև ուժի կիրառման միջոցով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան