Ինձ ցանկ տվեք, ոնց որ՝ արդեն սկսում են չհասկանալ. Ավինյանը՝ Երևանի բնակիչների մասին
«Ըստ էության, քաղաքացիներից ստացել ենք երկու տիպի դժգոհություններ: Առաջին՝ դժգոհել են բնակարաններ ձեռք բերելու հետ կապված, թե գումար ստանալուց հետո ինչպե՞ս կարող են բնակարան գնել և դժգոհություններ են եղել քառակուսի մետրերի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը՝ զեկուցելով Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ կատարած աշխատանքները:
Մաչյանը հայտնեց, որ հանդիպել է կառուցապատողների հետ և պարզել, որ բնակիչներին տրամադրվող գումարով կարող են բնակարան հատկացնել:
«Նաև բարձրաձայնենք, թե ինչի մասին է խոսքը: 1 ք/մ-ի համար 402 հազար դրամ ենք տալիս: Հա, իհարկե, Երևան քաղաքի կենտրոնում բնակարան չես գնի այդ գնով, բայց 402 հազար դրամ 1ք/մ-ի համար Երևանում հնարավոր է բնակարան գնել և կարծում եմ այն բավականին ռացիոնալ թիվ է»,-արձագանքեց խորհրդակցությունն անցկացնող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Մաչյանը հայտնեց, որ հանրակացարանային շենքեր են և այնտեղ բնակարանները 18-30 ք/մ է բայց պայմանավորվել են, որ ավել ք/մ-ներ են հաշվարկելու և տալու:
«Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը պոտենցյալ երկրաշարժից կարող է փլվել: Գիտակցում ենք մեր պատասխանատվությունն այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում, չնայած այդտեղ ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի, բայց գիտակցելով, հասկանալով քաղաքացիների անվտանգության խնդիրը, գնում ենք լուծման և Երևան քաղաքը բնակիչներին գնման վկայականներ է տալիս: Խնդրում եմ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև Երևանի քաղաքապետարանի նկատմամբ, որովհետև, մենք, կոպիտ ասած՝ միայնակ փրկողի դերում չենք կարող լինել, պետք է լինի համագործակցություն»,-ասաց Ավինյանը:
Նիստը նախագահողը հիշեցրեց, որ բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղում պայմանավորվել են, որ ավել ք/մ են գրելու, 402 հազար դրամ են սահմանելու դրանցից յուրաքանչյուրի համար և կառուցապատողներ են գտնելու:
«Խնդրում եմ, պարոն Մաչյան ջան, ինձ ցանկ տաք՝ կոնկրետ անձանց և նրանց խնդիրների, որովհետև արդեն, ոնց որ, սկսում են չհասկանալ: Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ»,-հայտարարեց Տիգրան Ավինյան և հավելեց. «Երբ գործողություն է արվում 4-րդ աստիճանի վթարային շենքերի քաղաքացիների խնդիրների լուծման համար, այն չպետք է ընկալվի, որ լոտո ենք շահել, ճնայած՝ շահել ենք, բայց էդ էլ չափի մեջ, խնդրում եմ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում