1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ՝ քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։
Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ նախորդ՝ 56-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որը առկա ձևաչափով անցկացվել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, Լեոնիդ Ասատրյանը կրկին նվաճել էր արծաթե մեդալ, իսկ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալ:
Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների (1 ոսկե, 7 արծաթե և 33 բրոնզե):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին