Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը զիջումների առումով վաղուց է կարմիր գծերն անցել և թվում է, թե Ադրբեջանը պետք է որ համաձայն լիներ համաձայնագիր ստորագրելու, սակայն Ադրբեջանում այս իշխանության առկայությունը որպես բարենպաստ ժամանակ է դիտարկում Արցախին ու Հայաստանին ամբողջությամբ ծնկի բերելու և հայկական հարցն առհասարակ օրակարգից դուրս բերելու համար:
Եթե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի:
ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու և ըստ էության, նոր կապիտուլացիա ստորագրելու վերաբերյալ, մնում է օդում կախված, իսկ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան»։