Շուշիի և Հադրութի հարցով միշտ սադրում եք. ՔՊ-ականը՝ լրագրողներին
«Վստահ եմ՝ Ադրբեջանի պարագայում միշտ էլ լինելու են սադրանքներ։ Ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից 1-2 կրակոցը մեր դիրքերի ուղղությամբ, ևս սադրանք է, ամեն րոպե պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի։
Հարցին՝ երբ իշխանություններն ասում են, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում նաև Շուշիի ու Հադրութի մասի՞ն է խոսքը, նա պատասխանեց. «Շուշիի և Հադրութի հարցով միշտ սադրում եք: Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Թեև ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում Ադրբեջանի գործողություններից։ Ցավը հենց այստեղ է։
Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, այլ ֆորմատի մեջ է»։
Ըստ ՔՊ-ականի, ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրն այլ հարց է, միջազգային հարթակներում պետք է քննարկվի ու քննարկվում է, ամեն ինչ արվի, որ ԼՂ-ն լինի անվտանգ, անվտանգային խնդիրներ չլինեն։
«Ամեն ինչ արվում է, արվելու է Լեռնային Ղարաբաղի մեր բնակչության անվտանգության մակարդակն ապահովված լինի։ Այսօր այդպես չէ, լուրջ խնդիրներ կան։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սադրել, անգամ էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում։ Սա տեսանելի է, ինչքան էլ փորձեն այլ շղաշով սա փակեն»,- ասաց Ա. Խաչատրյանը։