Ճամբարակ համայնքի ղեկավարի գործով մեկ անձ կալանավորվել է
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` Ճամբարակ քաղաքում խուլիգանության և պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնող պարեկները Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, որը զգուշացումից հետո տեղափոխվել է:
Պարեկները, օրենքով սահմանված կարգով նշված ավտոմեքենան ստուգելու նպատակով, կանգնեցրել են այն, վարորդից պահանջել ներկայացնել փաստաթղթերը և պարզել, որ վերջինս մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի: Խոսակցությանը միջամտել է ավտոմեքենայում գտնվող ուղևորը, ով, ինչպես պարզվել է, հանդիսանում է Ճամբարակ համայնքի ղեկավարը, իսկ վարորդը՝ Ճամբարակի համայնքապետարանի վարորդը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում 20-25 անձինք մոտեցել են, միջամտել վիճաբանությանը: Հավաքվածներն սկսել են քաշքշել պարեկային ծառայողներին, հայհոյել, իսկ նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկներից մեկի դեմքի շրջանին և դիմել փախուստի։
ՔԿ փոխանցմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև պարեկի դեմքին հարվածած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1994թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքից ժամեր անց միջադեպի մասնակից նշված անձինք, պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի և վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:
Ճամբարակի՝ 29-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ): Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան