Տիրան Խաչատրյան. Այս ամենը սկսել է 2018-ից
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ էր՝ իր աջակցությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։
Նրա խոսքով, զինվորականների դեմ իրականացվող գործողությունները սկսել են 2018 թվականից։
«Եղել են զինվորականներ, որ ունեցել են լուրջ փորձ, գիտելիք, անցած բավականին լուրջ ուղի, որոնց նկատմամբ էլ հիմնականում եղել են այդ դրսևորումները։ Նրանց մի մասը կարողացավ որոշ ժամանակ դիմակայել՝ ունենալով ավելի բարձր գաղափարներ, հեռանկարային նպատակներ՝ կապված երկրի անվտանգության, պետականության պահպանման հետ, մի մասն համբերության, դիմադրողականության տեսակետից ավելի քիչ կարողացան համակերպվել այդ իրավիճակին։ Այն մասը, որ նպատակադրված էր մինչև վերջ անվտանգային համալիրում լինել ու լավագույնս իրականացնել իր առջև դրված խնդիրները, նրանց նկատմամբ ծառայության, տարբեր խնդիրների կատարման, պարտականությունների կատարման պահով չկարողացան խազ կամ կեղտ գտնել, ուղղակի հեռացրեցին»,-ասաց Տիրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, բացի նման զինվորականներին հեռացնելուց, բանակից մեկուսացնելուց, նաև նրանց փորձում են ազատությունից զրկեն։
«Տարբեր մարդկանց նկատմամբ այդ դրսևորումները տարբեր կերպ են դրսևորվում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Տ. Խաչատրյանը 2020 թ․ հունիսի 15-ին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021 թ․ փետրվարի 24-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Մանրամասները՝ տեսանյութում։