Մայիսի 9, Եռաբլուր. «Ձեռնունայն նստած ենք, դրան էլ ավելացել են այսքան զոհերը»
Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ օրերից մեկն է. Եռատոն՝ նշվում է Հայրենական պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման օրը։ Սակայն «Եռատոն» էր մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը։
Այսօր վաղ առավոտից մարդաշատ է «Եռաբլուր» զինվորական պանթեոնը։ Արցախյան երեք պատերազմներում զոհվածների ծնողները, հարազատներն են գալիս։ Գալիս են սրտները կոտրված, հուսահատված։ Ի դեպ, նշենք, որ մինչև ժամը12։30-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոն իշխանության, կառավարության որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ չէր այցելել։
«Որդիս զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ինքը չկա, բայց ինքը հաղթած է։ Շատ մեծ ցավ եմ ապրում, որ այս ուրախ տոնը հիմա այսքան ցավոտ եմ ես տանում։ Երկիր կորցնելը, այդքան երեխաներին կորցնելը՝ մեծ ցավ է։ Երբ երիտասարդներն իրենց կյանքը տալիս են հանուն հայրենիքի, որքան էլ ցավ ես ապրում, հոգուդ խորքում ինչ-որ չափով մխիթարվում ես, որ հայրենքի համար է այդ ամեն ինչը եղել, բայց երբ և հայրենիքդ ես կորցնում, և երեխայիդ, շատ մեծ ցավ է։
Առանց որդուս կյանքս դատարկ է։ Ընդունում եմ, որ ապրում է որդիս։ Գալիս եմ Եռաբլուր, նստում կողքը, զրուցում իր հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Աիդա Աբրահամյանը։
Տիկին Աիդայի խոսքով, այս իշխանության համար գոյություն չունի հայ և Հայաստան. «Գնալով ավելի ու ավելի ենք կորցնում, հույսի նշույլ չկա։ Չգիտեմ, ինչ է լինելու»։
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Վահե Եղիկյանի ծննդյան օրն է։ Նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեց մայրիկի ընկերուհին. «Այցելել եմ մեր բոլոր նահատակներին, մեր տղաներին։ Շնորհավորում էր տղաներ ձեր երկնային ծնունդը, ով այսօր է ծնվել։ Խոնարհվում ենք ձեր հիշատակի առաջ։ 30 տարի առաջ ունեցանք հաղթանակ՝ Շուշիի հաղթանակը, բայց այսօր, ցավոք, ձեռնունայն նստած ենք, դրան էլ ավելացել են այսքան զոհերը»։
Էդուարդ Մուրադյանը ծառայել է «Եղնիկներ»-ում, զոհվել է հոկտեմբերի 21-ին։ Էդուարդը տիկին Գոհարի միակ զավակն էր։
«Մնացել եմ միայնակ՝ տղայիս հոգու հետ միասին։ Իշխանությունը միակ որդուս տարավ ծառայության հերիք չէր, մի հատ էլ պատերազմ բերեց մեր ազգի գլխին։ Մեր իշխանությունն է մեղավոր իմ տղայի՝ այսօր ֆիզիկապես ներկա չլինելուն։
Մեր ազգը միշտ էլ հաղթանակներ է ունեցել, սակայն այսօր ունենք այսքան զոհ, ունենք մեծացած Եռաբլուր այս իշխանության պատճառով։ Հպարտ եմ, որ ունեմ հերոս որդի»,- ասաց տիկին Գոհարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան