Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում. պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս ԱՄՆ-ում կայացած բանակցություններին:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պետքարտուղարը հավատարիմ է մնում իր նախօրեին արտահայտած դրական գնահատականին անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ՝ փոխխոսնակը նշել է, որ Վաշինգտոնը գտնում է, որ անցած շաբաթվա քննարկումները կառուցողական էին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Եվ մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքով, ճկունությամբ և փոխզիջումներով համաձայնությանը հնարավոր է հասնել, և մենք շարունակում ենք ցուցաբերել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսությունը և շարունակում են ձգտումը՝ ապահովելու կայուն և երկարատև խաղաղություն»,- ասել է փոխխոսնակ Պատելը:
Արձագանքելով լրագրողի այլ հարցին՝ կապված կողմերի հետագա քայլերի կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին՝ Վեդանտ Պատելը ողջունել է կողմերի միջև երկխոսության շարունակման մասին հաղորդումները:
«Ես չեմ պատրաստվում անդրադառնալ կոնկրետ քննարկումներին, բայց, համոզված եմ, որ տեղյակ եք այն հաղորդումներին, որ կողմերը շարունակում են իրենց բանակցությունները: Մենք ողջունում ենք այն տեղեկությունը, որ նրանք շարունակում են ներգրավված լինել այս քննարկումներում։ Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը եզրափակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը
- Բլինքեն. Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության
- Միրզոյանն ու Բայրամովն արձանագրել են՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան