Այս օրը մեր մեծերը մեզ նվիրել են տոն, մենք իրենց վերադարձրել ենք եռատոն. Սեյրան Օհանյան
«Ուզում եմ կարևորել այն հաղթանակները, անցած ճանապարհը, որից տոգորված մենք շարունակել ենք նրանց պայքարը, ես նկատի ունեմ մեր պապերի, հայրերի սխարանքները, որոնք տարիներ անց արտացոլվել են մեր գործողություններում1992 թվականին»,-Եռաբլուրում հայտարարեց ՀՀ-ի և ԱՀ-ի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ասաց, որ մայիսի 9-ին հարգանքի տուրքը պետք է մատուցել նաև հայրենական պատերազմի բոլոր մասնակիցներին:
«Այս օրը մեր մեծերը մեզ նվիրել են տոն, մենք իրենց վերադարձրել ենք եռատոն»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը::
Հիշեցնելով, որ Շուշիի ազատագրման օրից բացի Մայիսի 9-ին Արցախի պաշտպանության բանակի օրն է՝ Օհանյանն ասաց. «Եռամիսանության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր համաձուլվածքի արդյունքում ենք մենք այդ հաղթանակն ունեցել: Այսօր մենք գտնվում ենք այս սուրբ վայրում՝ Եռաբլուրում, որովհետև այստեղ են հանգչած մեր հերոսները, որոնք կերտել են եռատոնը»:
Արձանագրելով, որ 44-օրյա պատերամից հետո Շուշին, չկա, Հադրութի և այլ շրջանների բնակավայրերի մի մասը օկուպացված է՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Այս օրը մեր համար պետք է լինի պատասխանատվության օր: Մենք պետք է նորից բարձրացնենք մեր պայքարի ոգին: Մեր առաջնային նպատակը պետք է լինի նաև Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնելը և ադրբեջանցիներին Հայաստանից դուրս շպրտելը և Արցախի ինքնորոշման գաղափարի իրագործումը: Արցախի անցած ողջ ճանապարհը հաշվի առնելով՝ ազատագրել օկուպացված տարածքները և Շուշին, որպես հայոց հինավուրց բերդաքաղաք, մշակութային կենտրոն:
Դրա համար մենք պետք է մեր պետության ռազմական հզորության յուրաքանչյուր կետը կերտենք: Յուրաքանչյուր պետության ռազմական հզորության չափման միավորներն են հանդիսանում տարածքը, բնակչությունը, տնտեսությունը, այն նշանակում է՝ պետք է վերականգնենք մեր տարածքը, բնակչության ոգին բարձրացնենք, հոգեբանական այս դժվար իրավիճակից, թմբիրից դուրս գանք, զարգացնենք մեր տնտեսություը, որոնք հիմք են հանդիսանալու ռազմական ներույժի և հզորության մյուս բաղկացուցիչենրի համար: Այն մեր բանակն է ռազմավարական նպատակը և մեր ժողովրդի կամքը»:
Հարցին, թե ի՞նչ է անում ընդդիմությունը Լաչինի միջանցքը բացելու և Արցախի համար հետագա պայքարում՝ Սեյրան օհանյանը հայտնեց, որ փողոցային պայքարով ցույց են տվել, որ հայկական ոգին կոտրված չէ, իսկ Արցախի կարգավիճակի շուրջ ընդդիմությունը բանակցում է բոլոր միջազգային կատույցների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ, իսկ Լաչինի միջանցքի հարցում իշխանությունները պետք է նախ պատասխանեն, թե ինչ բանավոր պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի հետ:
«Ժողովրդի լեզվով ասած՝ այս իշխանություններն ուղտի ականջում քնած են»,-ասաց Օհանյանը և հավելեց, որ պատերազմի ժամանակ էլ իրավասու մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել ռազմաճակատում կարգ ու կանոն հաստատելու համար, իսկ պատերազմից հետո բանակում միակ գեներալական կոչումը ստացել է ռազմական ոստիկանության պետը: