Այս տարի Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիները
2023 թվականի հունվար-մարտին Հայաստան է ժամանել 451 850 հազար զբոսաշրջիկ, ինչը 2022թ-ի համեմատ աճել է 81.2%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ըստ պաշտոնական տվյալների՝ զբոսաշրջիկների հիմնական հոսքն ապահովել են Ռուսաստանը՝ 237 040 այց (աճը՝ 2.2 անգամ), Վրաստանը՝ 53 707 (աճը՝ 2.2 անգամ, Իրանը՝ 25 458, Ֆիլիպինները՝ 5 981 (աճը՝ 2.9 անգամ), Ուկրաինան՝ 5705, Հնդկաստանը՝ 4 809, ԱՄՆ-ը՝ 4 797, Բելառուս՝ 3 425։ Նշեն նաև, որ այս տարվա հունվար–մարտին Հայաստան է ժամանել Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2.2 անգամ ավելի է:
Նշենք, որ մեր երկիր ավելի շատ այցելել են տղամարդիկ, քան կանայք: Տղամարդկանց թիվը կազմել է 273 579 հազար, իսկ կանանց թիվը՝ 178 271 հազար։ Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած 225 904 զբոսաշրջիկը եղել են 36-63 տարեկան, 116 805-ը՝ 26-35 տարեկան, 43 776-ը՝ 18-25 տարեկան։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: