Հայաստանում ՌԴ դեսպան. Ես կարող եմ միայն մի բան ասել
«Կարծում ենք, որ ջանքերը պետք է նպաստեն այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք արձանագրված են մեր ղեկավարների հայտնի հայտարարություններում, սա է մեր սկզբունքային, հայեցակարգային դիրքորոշումը»,-այսօր Հաղթանակի զբոսայգում Հայրենակի մեծ պատերազմում զոհվածների հիշատակին անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Հենց այդտեղ է, որ մենք տեսնում ենք երաշխքիներ այն մասին, որ էսկալացիա չի լինի, կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից»,-ասաց ռուս դիվանգետը։
Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն, դեսպանը նշեց, որ Ռուսաստանը գործադրում է շատ ակտիվ ջանքեր, մշտապես կապի մեջ է կողմերի հետ, ակտիվորեն խթանում է խաղաղության օրակարգն ու միջնորդական ծառայություններ ցուցաբերում։
Կոպերկինը հույս է հայտնել, որ շուտով Մոսկվայում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որի ժամկետների վերաբերյալ հաղորդագրություն կլինի։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա վերջին նախատեսված են Փաշինյան-ալիև բանակցություններ Բրյուսելում։ այս պահին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում՝ ներկա գտնվելու Հայրենակին մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ հարցին՝ դեսպանը վստահեցրեց, որ ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, շատ ակտիվ ջանքեր է գործադրում և չնայած բոլոր խնդիրներին՝ լուծում իր առջև ծառացած խնդիրները, որպեսզի նպաստի իրավիճակի կարգավորմանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացմանը։
«Մենք նաև հանդես ենք գալիս երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հասարակական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության ակտիվացման օգտին։ Այս աշխատանքը շարունակական է։ Մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ։ Հուսով ենք, որ այդ ջանքերը կտան իրենց արդյունքը»,- ասել է Կոպիրկինը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման, Ռուսաստանը Հայաստանի համար վտանգավոր երկրների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը, դեսպանը նշեց, որ ինստիտուտի հարցումն իր համար վերջին ատյանի ճշմարտությունը չէ, և զերծ կմնա մեկնաբանություններց։
«Միայն մի բան կարող եմ ասել. Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում այստեղ տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանի Հանրապետության հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին։ Ռուսաստանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այստեղ սկսի խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան