Վանեցյան. Թերացել եք, գնացեք գլուխներդ պատներով տվե՛ք
«Մենք չգիտենք, թե իրականում ինչի մասին են բանակցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները։ Ես չեմ հավատում, որ այս փուլում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա այսօր միացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրոց ացկացվող ստորագրահավաքին, որը «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ նախաձեռնել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Վանեցյանը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ իր իշխանությունը պահելու համար։
«Նա ցանկացած քայլի գնում է իր իշխանությունը պահելու համար։ Թուղթ ստորագրելու դեպքում կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց, և իր իշխանությանը վտանգ կսպառնա։ Ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները»,-ասաց նա։
Վանեցյանը որպես ասածի վառ օրինակ բերեց Սյունիքի մարզի Տեղ գյուղում կատարված դեպքերը։
«Ի՞նչ տեղի ունեցավ Տեղ գյուղում։ Դրա մասին շատ չխոսվեց: Տեղ գյուղում ունեինք տարածքներ, որոնք պահպանվում էին ՀՀ ԶՈՒ կողմից, և ինչ-որ մի օր մենք իմացանք, որ մեր ԶՈՒ-ն այդ տարածքից դուրս են եկել և այդ տարածքը՝ առանց որևէ խոչընդոտի, առանց մարտերի ու դիմադրության զբաղեցրել են ադրբեջանական զինված ուժերը: Փաստացի զբաղեցրել են ՀՀ սուվերեն տարածքը: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և փորձեցին ասել, թե թերացել է այդ պաշտոնյան: Ինչ-որ մեկը հարց չի՞ տալիս՝ եթե մի պահ դատարկ է մնացել այդ տարածքը, որից օգտվելով Ադրբեջանը դրանք անարգել զբաղեցրել է, սահմանապահ զորքերի մեղավորությունը ո՞րն է: Նրանք իրենց ասված ժամին եկել են և տեսել, որ Ադրբեջանն արդեն զբաղեցրել է, զինված ուժերից որևէ մեկն այդ տարածքում չի եղել։ Ասել են՝ թեացել ենք այս հարցում։ Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այդ թերացման համար, որի արդյունքում օկուպացվել է ՀՀ սուվերեն տարածք և ունեցել ենք զոհեր: Ո՞վ է պատասխան տալու, թե՞ ասելու են թերացել ենք: Թերացել եք, գնացեք գլուխներդ պատներով տվե՛ք»,- ասաց Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում