Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված հուշարձան-կոթող՝ Լեռնարոտ գյուղում
Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում այսօր՝ մայիսի 9-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ բացվեց հուշարձան-կոթող՝ նվիրված տարբեր ժամանակաշրջաններում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, մասնավորապես, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սասունի ապստամբությանը, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին և Արցախյան շարժմանը։
Արագած լեռան հարավային փեշերին գտնվող Լեռնարոտի բնակչության նախնիները գաղթել են Մուշից և Սասունից, և պատահական չէ, որ այստեղ ևս վեր խոյացավ սասունցիների պայքարը խորհրդանշող հուշակոթող։
Ինչ վերաբերում է Հայրենական Մեծ պատերազմին, այս գյուղից մասնակցել է 35 մարդ, որից 14-ը զոհվել է։ Արցախյան առաջին պատերազմին էլ Լեռնարոտը տվել է փառահեղ անուններ՝ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյան, Ալֆրեդ Ներսիսյան՝ Աֆո, «Սասունցիներ» ջոկատի հրամանատար Արայիկ Մկրտչյան, Մանուկ Մարգարյան և անհայտ բացակայող Վարդան Սահակյան։
Հուշարձանը կառուցվել է արմատներով լեռնարոտցի, արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական բժիշկ, հասարակական գործիչ Տարոն Տոնոյանի նախաձեռնությամբ։ Հուշակոթողի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։
Դերասան Արման Նավասարդյանը հուշարձանի բացմանը նշեց, որ մայիսի 9-ը բազմախորհուրդ օր է, օր, որ երկար տարիներ հայ ժողովուրդը նշել է ոգևորությամբ, հիացմունքով, հաղթական տրամադրությամբ և հաղթանակները կերտողի հանդեպ բարի ակնածանքով։
«Այս օրերին թեև մեր տրամադրությունը հաղթական չէ, սակայն լցված ենք հույսով ու վրեժխնդրությամբ, կամքով ու տոկունությամբ և մեր կատարած ցանկացած գործը, արարմունքը պիտի վաղվա մեր հաղթանակի ճանապարհը դառնա։ Այսօր, այս բարձադիր գյուղում, սասունցիների գյուղում բացվում է մեր ժողովրդի հերոսամարտերը խորհրդանշող մի հոյակերտ հուշարձան։ Եթե ուշադիր նայենք խաչքարերի վրայի թվականներին, կտեսնենք բոլոր հերոսամարտերի սկիզբն ու ավարտը, բացի վերջինից՝ արցախյան ազատամարտից, որի հատվածում գրված է 1988...։ Իմ և վստահ եմ ներկաների սրտանց փափագն է, որ քանդակագործ Դավիթ Մինասյանը մոտ ապագայում ազդարարի հերոսամարտի հերոսական ու հաղթական ավարտը»,- ասաց Արման Նավասարդյանը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ մեծ պատիվ է մասնակցել այս խորհրդանշական հուշակոթողի օրհնության կարգին։
«Այսօր խառն են մեր ապրումներն ու զգացումները, քանի որ մենք կոչված էինք տոնելու վերջին շրջանի բոլոր ժամանակների հերոսական դրվագներից մեկը՝ մեր պատվի և արժանապատվության կերտումը՝ Շուշի-դիցուհու ազատագրումը։ Բայց, այսօր, ցավոք, մեր սիրելի թագոուհին գտնվում է գերության մեջ պատանդի կարգավիճակով՝ վերստին անպատվության խարանը մեր ճակատներին դրոշմելով։ Մեր գլուխները կախ են, և չեն կարող բարձր լինել մինչև այն ժամը, երբ միայն մեզնով կվերադառնա մեր թագուհին մեր տուն»,- ասաց Արբազանը։
Այնուհետև նա նշեց. «Ինչո՞ւ ենք մենք այսքան ուժեղ և այսքան տկար, ինչո՞ւ ենք այսքան բարձր և այսքան ցածր, ինչո՞ւ ենք այսքան սավառնումի կոչված, բայց այսքան գետնաքարշ։ Ի՞նչն է մեզ պակասել, ի՞նչը...մեր հավատքն է պակասել։ Սուրբ Գիրքն ասում էր՝ ընտիր ազգ ենք, ընտիր ազգ չենք, այլ դառնալու ճանապարհը կարող ենք լինել»
Տարոն Տոնոյանն էլ նշեց, որ երբ վերադարձավ 44-օրյա պատերազմից, գիտեր, որ պարտվել ենք, բայց երբեք չէր պատկերացնի, որ դրանից հետո այսպես թևաթափ կլինենք։
«Իմ խորին համոզմամբ պարտությունները կարող են ժամանակավոր լինել, եթե մենք դրսևորենք կամք և ունենանք նպատակ հաղթանակի հասնելու։ Բազմաթիվ ժողովուրդներ մեծ պարտություններ են կրել, եղել են այլ ժողովուրդների լծի տակ, բայց կարողացել են կամք դրսևորել և պայքարելով ստեղծել զարգացած պետություններ։ Հաղթանակն, իհարկե, կարևոր է, բայց իմ կարծիքով, ավելի կարևոր է պայքարը»,- ասաց Տարոն Տոնոյանը։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդն ավելի դժվար իրավիճակներում է եղել, բայց կարողացել է ոտքի կանգնել, պայքարել և հաղթանակներ կերտել։ Նա համոզված է, որ կարող ենք նորից ոտքի կանգնել, իսկ դրա համար պետք է հայրենիքը սիրել, ամեն քարի, ամեն մի բուռ հողի համար կռիվ տալ։
Լեռնարոտի բնակիչ, Շուշիի ազատագրման մասնակից Արևշատ Սահակյանը մեծ ցավ է ապրում Շուշիի կորստից, իսկ առավել մեծ ցավ՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների և նրանց ծնողների համար։ Բայց նա նաև հույսը չի կորցնում, որ նորից ոտքի կկանգնենք ու ետ կբերենք կորցրածը։
«31 տարի առաջ այս օրը Շուշիի վանքի դիմաց կանգնած հաղթանակ էի գոռում, իսկ այսօր սրտիս վրա քար է նստած։ Ես 54 տարեկանում տեսա Շուշի ազատագրումը, իսկ այսօր տեսա Շուշիի անկումը։ Մենք կռվել գիտենք, մենք հաղթել գիտենք, մենք Շուշին հետ պիտի բերենք։ Եթե չլինի Արցախը գոյություն չի ունենան Հայաստանը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին