Մենք խելացի ազգից վերածվել ենք ճարպիկ ազգի ու դա շատ վնասներ է մեզ տալիս. նկարիչ Արթուր Մարտիրոսյան
Մայիսի 21-ին Նկարիչների միությունում կբացվի Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, UNESCO-ի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի «18 60» անհատական ցուցահանդեսը։
Panorama.am-ի հետ զրույցում Արթուր Մարտիրոսյանը բացահայտեց ցուցադրության խորագիրը. «Ցուցահանդեսը նվիրված է իմ 60-ամյակին։ Խորագիրը՝ «18 60», փակագծերը բացելով ասեմ՝ աշխատանքներ կան 18 տարեկանում եմ նկարել։ Ժամանակագրական հատված ունի՝ սկսում ենք վաղ շրջանի իմ գործերից մինչև այսօր արված աշխատանքներ։
Մեկ հեղինակի գործեր են, բայց ժամանակաշրջանները մերթ-մերթ միգուցե խառնվեն իրար, որպեսզի կապ առաջանա։
Բնականաբար, մարդն էությամբ փոխվում է, փոխվում են մեր մոտեցումները, մտածելակերպը։ Քիչ ենք փոխվում, բայց փոխվում ենք։ Լավ կլինի, որ ավելի շատ փոխվենք, քանի որ մարդը պետք է իրեն փոխվելու շանս տա։ Մենք հիմնականում վախենում ենք այդ փոփոխությունից»։
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու շուրջ 100 բնանկարներ, կոմպոզիցիաներ և լանդշաֆտային աբստրակցիաներ։
Արթուր Մարտիրոսյանը իր ցուցահանդեսին հրավիրում բոլոր նրանց, ովքեր սիրում են արվեստը, արվեստով կարող են ոգևորվել, ում կարող է արվեստը մի քիչ փոխել։
Արցախյան առաջին պատերազմի մասնակից նկարիչը 90-ականների սկզբի մութ ու ցուրտ տարիները բնութագրեց լուսավոր տարիներ, քանի որ մեր ազգի զարթոնքն էր։
«Բոլորս մասնակցում էինք մեր ազգի նոր էջի կերտմանը։ Լուսավոր հաղթանակներ ենք կերտել՝ մեր զրկանքներով, ցուրտ ու մութ ասելով։ Մեր ազգը հերոսացել է ու դրան բոլորն են մասնակցել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։
Արվեստագետը պատերազմական թեման չի տեղափոխել արվեստ. «Դա մտածելով չի լինում։ Բնությունը, ծառը, փողոցը, տունը, լեռը, ամպը միգուցե ասեն այդ մասին։ Ես ինքս ընդգծված չեմ ուզել ասել»։
Ա. Մարիրոսյանի համար արվեստը խոսելու, շփվելու առանձնահատուկ ձև է. «Արվեստն այդ շանսը տալիս է։ Երջանկության այդ կտորն ունենք։ Չճանաչել լեզուն, չիմանալ մարդուն, բայց արվեստի միջոցով շփվել։
Արվեստի միջոցով շփումն ամենաֆանտաստիկ, ամենալուրջ շփումն է, որտեղ արվեստը բոլորիս դարձնում է մի ծնողի զավակներ։ Արվեստը բարություն է սփռում, բայց ոչ միայն բարություն, նաև այլ խնդիրներ։
Արվեստագետ ընկերներ ունեմ, վերջին շրջանում այնքան արագ ծերացան։ Կապում եմ մեր ժամանակների հետ։ Շատ արագ ծերացան, քանի որ արվեստագետը սպունգի նման այդ ծանր հոգեբանական երևույթներն իր վրա է վերցնում, որպեսզի հետո տա։ Դա փոխադարձ է։ Ուզի թե չուզի, պետք է վերցնի։ Այդ մտքերը, անհանգստությունները փնտրում են ու շատ արագ գտնում են նկարչին, իսկ նկարիչը բաց է, վերցնում է, դա իր գործիքն է՝ վերցնի, իր մեջ կրի ու հետո փոխանցի, նաև ինչ-որ մի տեղ պատկերի, գույների ձևով թելադրի, ուղղորդի, խորհուրդ տա, փորձի որոշ բան փոխել։ Նկարչությունը սիրուն բան նկարելու մեջ չէ, գեղեցիկից դուրս է նկարչությունը։ Նկարչությունը շատ ավելի այլ տեղեր պետք է փնտրել, քան գեղեցիկը»։
Նա համոզված է, որ մշակույթի միջոցով հնարվոր է փոխել քաղաքականություն։
«Այսօր նաև մշակույթը խլելու պատերազմ է։ Դա շատ ավելի լուրջ է, քան փողային, տարածքային վեճերը։ Մշակույթի դեմ պատերազմը, մշակույթ խլելը նշանակում է ամբողջությամբ տիրանալ ոչ միայն հողին, նաև այդ հողի վրա ապրող մարդուն»։
Արթուր Մարտիրոսյանը համոզված է՝ պետք է ուժեղ լինել, իսկ դրա համար պետք է միասնություն։
«Մենք շատ անլուրջ ենք մոտենում այս հարցին՝ չհասկանալով, թե վաղը մեր ժառանգներին ինչ երկիր ենք թողելու։ Խոսել պետք չէ, այլ բոլորս մտովի նույն ձևի մտածենք։ Դա է մեր փրկությունը։ Իրադրությունն այնպիսին է, որ մենք ուզենք-չուզենք պետք է փոխվենք։ Միասնական պետք է լինենք, որպեսզի փրկվենք ու փրկենք երկիրը։ Այդ դեպքում թող սահմաններն էլ բացեն, ինչ ուզում են թող անեն։ Եթե տկլոր ենք, միասնական չենք, օդի փոքրիկ խաղը մեզ կհիվանդացնի։
Մենք խելացի ազգից վերածվել ենք ճարպիկ ազգի ու դա շատ վնասներ է մեզ տալիս։ Ճարպիկի ոտքը կարճ է, տեսնում ենք բոլորս։
Մենք խելացի ազգից վերածվեցինք ճարպիկի, դրա համար այսպիսի վիճակում ենք»,- ասաց նկարիչը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան